Բաժիններ՝

Կառավարությունն օպտիմալացրել է ծննդատան շենքը

Արդեն մի քանի ամիս է՝ Կապանում խոսում են քաղաքի ծննդատան շենքի վաճառքի մասին: Ըստ այդ խոսակցությունների՝ շենքը գնել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Այսօր ծննդատան շենքի ճակատագրի մասին 168.am-ը փորձեց որոշ տեղեկատվություն ստանալ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սմբատ Օրբելյանից: Վերջինս, սակայն, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ նշելով, որ այդ մասին նախևառաջ պետք է հետաքրքրվել հիվանդանոցի հիմնադիր հանդիսացող Սյունիքի մարզպետարանից:

Ս. Օրբելյանը միայն մեզ փոխանցեց կառավարության այն որոշումը, համաձայն որի՝ ծննդատան շենքը հանձնվել է Կառավարությանն առընթեր Գույքի վարչությանը:

Եվ այսպես. 2007թ. սեպտեմբերի 27-ի ՀՀ կառավարության 1218Ն որոշմամբ՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել 2006թ. նոյեմբերի 2-ին ընդունված «ՀՀ մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» որոշման մեջ: «Ազատել և ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել Կապանի հիվանդանոցի ծննդաբերական մասնաշենքը»,- ասվում է 2007թ.ընդունված որոշման մեջ:

Կարդացեք նաև

168.am-ը փորձեց որոշ տեղեկատվություն ստանալ նաև Սյունիքի մարզպետարանի Առողջության և սոցիալական ապահովման վարչությունից, որտեղ մեր հարցերին պատասխանեց առողջապահության բաժնի պետ Նունե Գևորգյանը: «Այսօրվա դրությամբ ծննդատան շենքի վերաբերյալ հստակ դիրքորոշում, որ պետք է տրվի Գույքի կառավարման վարչությանը, հետագա այլ գործառույթներ իրականացնելու այդ շենքի հետ, այդպիսի տեղեկատվություն չունենք: Ես կարող եմ ասել, որ Կապանի բժշկական կենտրոնը Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում պետք է հիմնանորոգվի, և պետք է վերակառուցվի համեմատաբար նոր կառուցված Թերապևտիկ մասնաշենքը, որը պետք է հարմարեցվի բոլոր պահանջվող ստանդարտներին, և որտեղ պետք է իրենց գործունեությունը ծավալեն բոլոր բաժանմունքները»,- ասաց Ն. Գևորգյանը:

Նրա փոխանցմամբ՝ դեռևս նախագծային աշխատանքներ են ընթանում, և հայտնի չէ, թե ե՞րբ կիրականացվի այդ նախագիծը: Մեր դիտարկմանը, թե կառավարության որոշման համաձայն՝  ծննդատան շենքը պետք է ազատել և հանձնել Գույքի կառավարման վարչությանը, Ն. Գևորգյանը պատասխանեց. «Ինչո՞ւ է դա Ձեզ այդքան անհանգստացնում: Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում, իսկ ծրագիրը կոչվում է «Մարզային հիվանդանոցների հզորացում և օպտիմալացում», և այդ ծրագրի անվանումից ելնում է, որ մենք պետք է որոշ տարածքներ, որոնք այսօրվա մեր պայմաններում խնդիրներ են առաջացնում, և  արդյունավետ չեն, և այլն, այդ տարածքները միանշանակ պետք է ազատվեն: Նույնը, օրինակ, Քաջարանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքին է վերաբերում, որը հսկա մասնաշենք է: Այսօրվա Քաջարանի բնակչության պահանջներն այնքան չեն, որ այդ ծավալն ամբողջովին օգտագործվի: Ես գտնում եմ, որ այսօրվա շուկայական պայմաններում տնտեսվարող սուբյեկտները պետք է հաշվի առնեն այդ հանգամանքները, և ավելորդ ծախսեր մենք իրավունք չունենք անել»,- ասաց Ն. Գևորգյանը:

Իսկ մեր այն հարցին, թե հնարավո՞ր է՝ հետագայում այդ տնտեսվարող սուբյեկտները, ենթադրենք, ռեստորան բացեն այդ օպտիմալացված «տարածքներում», Ն. Գևորգյանը պատասխանեց. «Չեմ մտածում, թե այնտեղ ռեստորան կլինի, որովհետև, առհասարակ, առողջապահական հաստատությունների նկատմամբ կոնկրետ դիրքորոշում ունի կառավարությունը: Եթե այն որպես ծննդատուն չի գործում, ապա, հավատացե՛ք, երևի մի այլ սոցիալական խնդիր լուծող շենք կարող է դառնալ»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս