Ինչու են լռում ՀՀ ԱԳՆ-ն և Գլխավոր դատախազությունը. ՌԴ որոշումը՝ վատ մեսիջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ լրատվական կայքերը, հղում անելով իրենց աղբյուրներին, տեղեկություններ են հրապարակում, թե ՌԴ իշխանությունները բավարարել են Հայաստանում հարուցված քրեական գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ քաղաքական ապաստան ստանալու միջնորդությունը, ՀՀ պատկան մարմինները, սովորության համաձայն, լռում են: Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից այդպես էլ հստակ պատասխան չստացվեց՝ ի վերջո բավարարվել է միջնորդությունը, թե ոչ: Նման անորոշություն էր նաև ՀՀ ԱԳՆ-ում: Երեկ ամբողջ օրը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս կապակցությամբ պատասխան ստանալ ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, սակայն կրկին ապարդյուն. նրանք ևս որևէ ինֆորմացիայի չէին տիրապետում: Եվ սա այն դեպքում, երբ խոսք է գնում ՀՀ քաղաքացու, գեներալի կոչում ունեցող նախկին պաշտոնյայի մասին:
Ավելորդ է, թերևս, բացատրել, թե քաղաքական առումով ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ Մ. Պողոսյանին ՌԴ-ում քաղաքական ապաստան տալը: Ստացվում է՝ ՌԴ-ն, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանի հետ տնտեսական և ռազմաքաղաքական ընդհանուր միավորման մեջ, իր այդ քայլով կընդունի՝ մեր երկրում չկա ժողովրդավարություն, այլ կան քաղաքական հալածյալներ: Իսկ սա արդեն վատ մեսսիջ է աշխարհին, և հարված ՀՀ իմիջին: Թեև, իրականում բոլորի համար պարզ է, որ հարուցված քրեական գործը բացառապես իրավական դաշտում է, թելադրված է բացառապես ՀՀ իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնառությամբ, և որ օրենքի առաջ հավասար են բոլորը, անկախ իրենց քաղաքական հայացքներից:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը նաև գրավոր հարցում է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայություն, և ստանալուն պես կհրապարակենք այն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: