Բաժիններ՝

Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը տոնում են Առաջին Հանրապետության 101-ամյակը

Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 101-ամյակը՝ Հանրապետության տոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես ամեն տարի, ծրագրված են բազմաթիվ միջոցառումներ՝ ևս մեկ անգամ նշանավորելու և իմաստավորելու առաջին հանրապետության խորհուրդը հայկական պետականության հետագա կերտման ճանապարհին: Հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաև Արցախում անցկացվում են հանդիսություններ` ի հիշատակ անկախությունը կերտած հայ հերոսների: ՀՀ բարձրագույն իշխանությունը կայցելի Սարդարապատի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու անկախության և ազատության համար կռիվ մղած հերոսների հիշատակին: Սարդարապատում էլ հենց տեղի կունենա օրվա գլխավոր իրադարձություններից մեկը՝ համայնքների տոնական հյուրասիրությունը, ուրախ երգուպարը:

1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը, որը կորցրած էր շուրջ 9 դար առաջ:

101 տարի առաջ այս օրը Երևանից ոչ հեռու, ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը կռիվ տվեց թշնամու` հանուն հայրենի երկրի վերջին թիզ հողի պահպանության, հանուն ազգի հարատևման: Սարդարապատի ճակատամարտը որոշիչ էր հայ ժողովրդի համար և ճակատագրական՝ Հայաստանի համար: Հայրենիքի պաշտպանության համար ոտքի էր կանգնել ամբողջ ժողովուրդը: Զինվորների հետ միասին կռվի դաշտում էին ամբողջ ընտանիքներ՝ ծերեր, երեխաներ, կանայք:

Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

Անկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը: Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու տարվա կյանք է ունեցել՝ մինչև 1920 թ. դեկտեմբերի 2-ը։ Այդ ժամանակ Երևան են մտել 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվել է:

1918թ. մայիսի 22-28-ին թուրք զավթիչների դեմ մղված պատմական հերոսամարտի 50-ամյա տարեդարձի օրը տեղի է ունեցել Սարդարապատի հուշահամալիրի բացումը: Այն կառուցվել է ճիշտ այն վայրում, որտեղ տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս