Բաժիններ՝

Թաիլանդի վախճանված նախկին վարչապետն իր ամբողջ կարողությունը կտակել է աղքատներին. Bangkok Post

Թաիլանդի նախկին վարչապետ, բանակի նախկին հրամանատար եւ Գաղտնի խորհրդի ղեկավար Պրեմ Տինսուլանոնը, որը մահացել է 98 տարեկան հասակում, իր ամբողջ կարողությունը կտակել է աղքատներին: Այդ մասին հայտնել էBangkok Post թերթը:

Տինսուլանոնի օգնական, գեներալ Պհիսանու Պհութհավոնգի խոսքով, հանգուցյալը ցանկանում էր իր ակտիվները նվիրաբերել Թաիլանդի բնակչության ամենաչքավոր խավերի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նախագծերին: Նա հրաժարվել է հայտնել նվիրաբերված միջոցների կոնկրետ գումարը եւ միայն ասել է, որ խոսքը վերաբերում է հարյուր միլիոնավոր բատերի (միլիոնավոր դոլարների):

Տինսուլանոնը մայիսի 25-ին մահացել է Բանգկոկի Պրամոնգկուտ հիվանդանոցում՝ սրտի անբավարարությունից: Պաշտոնաթող գեներալը մահացել Է այն բանից երեք շաբաթ անց, երբ նա նախագահել է Մախա Վաչիրալոնգկոռնի թագավորի եւ Սութհիդա թագուհու հարսանեկան արարողությունը:

Պրեմ Տինսուլանոնը Թաիլանդի թագավորին առընթեր գաղտնի խորհուրդը գլխավորել է 1998 թվականից: Նա հայտնի էր որպես ամենաազդեցիկ դեմքերից մեկը Թաիլանդի քաղաքականության մեջ: 1980-ից մինչեւ 1988 թվականը գեներալ Տինսուլանոնը թագավորության վարչապետն էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս