«Եթե հասարակության կյանքը բարելավված չէ՝ դատական համակարգի կատարելագործումը նրան կհետաքրքրի այնքան, որքան թռչնագրիպի վարակը Մովսես Խորենացուն». Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ԱԺ-ում անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ անդրադառնալով անցումային արդարադատության միջազգային կենտրոնի փորձագետ Ռուբեն Կարենցայի ելույթին՝ նշեց, որ իր խոսքն ուղղում է «դահլիճում հեռախոսով զբաղված օտարերկրյա» իր գործընկերոջը՝ այսկերպ փորձելով նրա ուշադրությունը հրավիրել լսումներին։
«Ես ուզում եմ նրանից իմանալ՝ իրենց երկրում կա՞ անմեղության կանխավարկածի սկզբունք, թե՞ ոչ։ Ի՞նչ է նշանակում՝ ենթադրյալ մեղավոր անձանց։
Կամ ասում է՝ հեղափոխության դիմաց իշխանությունը ժողովրդին պետք է հատուցեր դատական համակարգով, ո՞վ է ասում։ Ուրեմն՝ առաջին հերթին, որ ժողովուրդը հեղափոխություն է արել, պահանջել է իր կյանքի բարելավում, ունեցել է նման լեգիտիմ ակնկալիք։ Որովհետև եթե նրա կյանքը բարելավված չէ, ապա դատական համակարգի կատարելագործումն իրեն հետաքրքում է այնքան, որքան թռչնագրիպի վարակը կարող էր հուզել Մովսես խորենացուն»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։
Նրան նաև վրդովեցրել էր այն, որ իր ելույթներում Կարենցան Հայաստանը համեմատել էր Պերուի, Գվատեմալայի հետ։ Պատգամավորը հորդորեց նրան բացատրել կամ հուշել, որ ինքը գտնվում է համաշխարհային մշակույթի օրրանում։
«Ասում է՝ մոդել չունենք, բայց եկել ենք ձեզ դաս տանք, կներեք, եթե մոդել չունեք, ո՞վ է ասել, որ այդ դասը մեզ հետաքրքիր է»,- նկատեց Գ. Պետրոսյանը։
Նա նաև ընդգծեց, որ ողջունում է իշխանությունների՝ արդարադատության համակարգը բարելավելու ցանկությունը, բայց բարելավելու համար պետք է այլընտրանք ունենան։
«Այստեղ անուններ են հնչում՝ «ճշմարտության հանձնաժողով», չգիտեմ արդարադատության կոմիսիա, և այլն, շատ լավ է, բայց սա ի՞նչ է՝ այդ մարմինները հիմնադրելով՝ արդյո՞ք չենք զրոյացնում մեր այսօրվա գործող իրավապահ մարմինների նշանակությունը և ծառայությունը ՀՀ-ում։ Բա մեր Դատախազությո՞ւնը, բա՞ ԱԱԾ-ն։ Եթե ուզում ենք առաջընթաց գրանցել, այն չպետք է գրանցենք շտապողականության միջոցով որակի հաշվին»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը։
Զվարթ Խաչատրյան