Ինձ համար մեծ ցավ է խաղը բաց թողնելը. Մխիթարյանը` Բաքու չմեկնելու մասին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմասնակցելուն:
«Հաշվի առնելով բոլոր արդիական տարբերակները՝ մենք եկանք այն եզրակացության, որ պետք չէ թիմի հետ մեկնել Եվրոպայի լիգայի եզրափակիչին: Նման խաղեր ֆուտբոլիստների համար ոչ հաճախակի են պատահում, և ինձ համար մեծ ցավ է այն բաց թողնելը: Ես երկրպագելու եմ իմ թիմակիցներին: Եկեք տուն բերենք գավաթը»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մխիթարյանը:
«Արսենալ»-ն արդեն պաշտոնապես հաստատել է, որ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի Բաքու:
Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում, որտեղ «Արսենալ»-ը կմրցի «Չելսի»-ի հետ: