«Քաղաքական լիգան» կոչ է անում Փաշինյանին և նրա թիմին գիտակցել պահի պատմական լրջությունը

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ»  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ռոբերտ Քոչարյանի դատական գործի և դրա շուրջ հասարակական թնջուկը, օրինաչափորեն, ի ցույց է դնում նախահեղափոխական և հետհեղափոխական Հայաստանի իշխանության և հասարակության մեջ տիրող խոր համակարգային արատավոր երևույթները:

Մեկ տարի առաջ, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ տեղի ունեցող հեղափոխական ալիքի պայքարի գաղափարաբանությունը հենվում էր հին, արատավոր համակարգից ազատվելու և նոր՝ արդար, կենսունակ, ժողովրդավարական համակարգի կերտման վրա: Հենց սա էր հանրային ձգտումներում ընկալվում  որպես համակարգային փոփոխությունների հիմք, որի վրա պետք է կառուցվեր նոր Հայաստանի պետականությունը՝ ընդգրկելով հասարակական, քաղաքական պետական, համահայկական  կյանքի բոլոր ոլորտները՝  կադրային քաղաքականություն, պետական կառավարում, արտաքին հարաբերություններ, սոցիալ-տնտեսական քաղաքականություն, արդարադատություն, հասարակական համերաշխություն, ազգային միասնություն և այն:

Հեղափոխության հաղթանակից հետո, ստանձնելով վարչապետի պաշտոնը, Ն. Փաշինյանն ու նրա ձևավորած կառավարման մարմինները, փաստորեն, պետք է ստանձնեին հասարակական այդ պատվերն իրականացնողների պարտավորությունը: Հենց սա էր խոստանում Փաշինյանը:

Սակայն մի կողմից՝ նախկին իշխանությունների գործունեությանը քաղաքական գնահատական չտալը, մյուս կողմից՝ անհասկանալի իրավական վայրիվերումներն իրենց հետքը պետք է թողնեին հետհեղափոխական Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի վրա:

Եվ ամենակարևորը:  Հեղափոխական իշխանութունը, անձամբ՝ Նիկոլ Փաշինյանը, մոռացան իրենց հիմնարար խոստումներից մեկը՝ սուպերվարչապետական համակարգի կազմաքանդումը և նոր Սահմանադրության ընդունումը, ինչն էլ նոր Հայաստանում սկիզբ կդներ նոր քաղաքական համակարգի և առողջ և վստահելի իրավահարաբերությունների ձևավորման:

Այսօր, ներհայաստանյան կյանքի վայրիվերումներն ի ցույց են դնում Փաշինյանի և իր թիմի մեկամյա գործունեության սխալներն ամենատարբեր ոլորտներում՝

 – Կառավարման համակարգում.

Նոր իշխանությունները, ժառանգելով նախկիններից փոխանցված քաղաքական համակարգը, շարունակում են իրականացնել նույն համակարգային սխալները՝ կառավարելով սուպերվարչապետական սկզբունքներով: Հեղափոխության ժամանակ խոստացած նոր Սահմանադրության մշակումը դուրս է մղվել կառավարող կուսակցության քաղաքական օրակարգից:

Փաշինյանի անմիջական ղեկավարությամբ կազմակերպված, թեպետ ազատ, օրինական  ընտրությունների արդյունքում, իրականում ձևավորվել է ապաքաղաքական, անաշխատունակ խորհրդարահ, ինչը խորացրել է պառլամենտարիզմի և քաղաքական բազմակարծության  հերթական հետընթացը:

Կոռուպցիայով և կաշառակերությամբ հաստատված բարքերը, թեպետ քողարկված, շարունակում են քայքայել հասարակությունն ու պետությունը:  Պետական և հանրային ունեցվածքի կողոպուտն ու վատնումը, մի շարք դեպքերում, օրինականացվում և արդարացվում է:

– Կադրային քաղաքականության մեջ՝

 «Նոր իշխանություն՝ նոր կադրեր» սկզբունքի ծայրահեղականացման, իրականում՝ դրա խեղաթյուրման հետևանքով պետական կառավարման մարմինները լցվեցին խիստ անփորձ, ոչ բանիմաց, նեղ աշխարհահայացք ունեցող, քաղաքական  պատկերացումներից զուրկ կադրերով:

Արդարադատության և դատաիրավական համակարգում.

Նոր իշխանությունների վարած քաղաքականությունը տեղապտույտ տվեց նաև արդարադատության և դատաիրավական համակարգում: Հռչակելով արդարադատության հաստատում՝ հեղափոխական իշխանությունները փորձեցին հենվել նախկին իշխանությունների ժամանակ արատավոր մեթոդներով ընտրված կադրերի վրա, որոնք որևէ աղերս չունեին հեղափոխության սկզբունքների հետ: Ի վերջո, նրանք էլ այսօր էլ իրականացնում են Քոչարյանի դատավարությունը և ըստ այդմ՝ կայացած որոշումը միանգամյան սպասելի էր:

Բարձրագույն դատական խորհուրդը, որը նախկին իշխանությունները ստեղծել էին որպես համակարգի մի պնդօղակ, շարունակում է գործել և ղեկավարել նախկինում սահմանադրական արդարադատությունը բազմիցս տապալած անձի կողմից:

Հասարակական համերաշխություն.

– Փաշինյանի և նրա թիմի, ինչպես նաև հասարակական ուղղորդվող տրամադրությունների հետևանքով անտեսվեցին հասարակական տարբեր խավերի, մասնագիտական տարբեր խմբերի շահերն ու իրավունքները:  Հասարակության շարունակական բևեռացումը հնարավորություն չի տալիս զբաղվելու պետական հիմնախնդիրների վերհանմամաբ ու դրանց լուծումներով:

Մինչդեռ հայ ժողովրդի հավաքական շահը պահանջում է միավորել ողջ հայությանը՝ Հայաստանի պետությունը և հայ ժողովրդի համար նոր, բարձր, նպատակների սահմանման և իրականացման համար:

Հաստատված իրավիճակի գնահատականը մեզ հիմք է տալիս պնդելու, որ Փաշինյանի գլխավորած կառավարող ուժը, առարկայական և ենթակայական պատճառներով, ձախողել է հասարակության պատվիրակած հեղափոխության գլխավոր նպատակը՝ իրականացնել հիմնարար հասարակական-քաղաքական փոփոխություններ:

«Քաղաքական լիգան» համոզված է, որ Հայաստանի հանրության և պետության առաջընթացի ապահովման համար հասարակական-քաղաքական խորքային փոփոխություններն այլընտրանք չունեն: Վերջին օրերի ճգնաժամը ցույց է տալիս, որ դրանց իրականացման անտեսումը հղի է նաև հին համակարգի վերակենդանացմամբ:

«Քաղաքական լիգան» կոչ է անում Փաշինյանին և նրա թիմին գիտակցել պահի պատմական լրջությունը և հասարակության առաջադեմ խավերի ներգրավմամբ սկսել հիրավի հիմնարար փոփոխություններ՝ առաջին հերթին նախաձեռնելով Սահմանադրության նոր հիմնադրույթների մշակումը, ընդունումը և նոր քաղաքական համակարգի, կառավարման այլ մոդելի կայացումը՝ ապահովելով ներկայացուցչական ժողովրդավարական հաստատությունների  կենսագործունեությունը և իշխանության բոլոր ճյուղերի սահմանադրական տարանջատումը:

Քաղաքական լիգա
05. 2019թ.

Տեսանյութեր

Լրահոս