Բաժիններ՝

 «Եթե աշխատավարձի բարձրացում չլինի, իմ աշխատողներին ժամը 18։00-ին ուղարկելու եմ տուն». Արթուր Մեսչյանը նախազգուշացնում է

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին այդքան էլ դուր չի եկել հանրության շրջանում Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի հետ կապված խոսակցությունները:

Ասում է՝ այս ընթացքում միակ լավ բանը քաղաքապետարանի մասին, որ լսել է, այն է, որ քաղաքապետարանում կոռուպցիա չկա:

«Ինչպես ասում են այս իրավիճակում, մեզ միայն կոռուպցիան էր պակասում»,- կատակեց Ա. Մեսչյանը:

Ըստ նրա, խոսում են, թե իբրև քաղաքում ամեն ինչ կտրում են՝ ոչինչ հաշվի չառնելով, խոսում են՝ սկսած աշխատավարձերի բարձրացումից, մինչև այն, որ  քաղաքապետարանը խոչընդոտում է ինվեստիցիոն ծրագրերի իրականացումը, ուշացնում է շինարարարության թույլտվությունները և այլն։

«Մի շարք մեղադրանքներ են հնչում մեր հասցեին, կա՞ն որոշակի հիմքեր դրանց համար, կարծում եմ՝ մի փոքր հիմքեր կան։ Բայց որպես քաղաքի ճարտարապետ՝ այսօր անում եմ ամեն հնարավորը, ավելին անել մենք այսօր ուղղակի չենք կարող։ Ասում են, թե ինչո՞ւ համակարգային փոփոխություններ չենք անում, բայց դրա համար պետք է օրենքներ փոխենք, համակարգային փոփոխությունն օդից չի գալիս։ Օրենսդրական տեսանկյունից մենք բավականին տխուր վիճակի մեջ ենք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արթուր Մեսչյանը:

Նրա բնորոշմամբ, եթե քաղաքապետի աշխատավարձը բարձրացրած տարբերակով մոտավորապես հավասար է շարքային ծրագրավորողի աշխատավարձին, ապա այստեղ խնդիրը ո՞րն է:

«Մեզանից որևէ մեկը չի եկել քաղաքապետարան աշխատանքի՝ հարստանալու կամ այլ նպատակով, մենք այժմ փորձում ենք հնարավորինս օգտակար լինել քաղաքին: Ցանկացած ծրագիր, որը կատարվում է Երևանում, սկսած՝ Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժումից՝ մինչև ցանկացած այլ ծրագրեր, տարօրինակ բաներ է կատարվում, որը ես չեմ հասկանում: Մի քանի օր առաջ Երևանում բացվեց այգի, մարդիկ տարօրինակ վերաբերմունք ցույց տվեցին, բայց երեկոյան մեկ անգամ անցեք այդ այգու կողքով ու տեսեք՝ ինչքան մարդ է այնտեղ հավաքվում, տա Աստված, այդպիսի այգիներ Երևանում շատ լինեն: Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ ունենք ֆինանսական մեծ խնդիր, և, եթե կան ծրագրեր, որոնք մենք փորձում ենք իրականացնել կառուցապատողների, սրա կամ նրա միջոցով, դա լավ օրից չէ»,- շեշտեց Երևանի գլխավոր ճարտարապետը։

Հիշեցնենք, որ այդ նախագծի մեկնարկը տրվել էր նախկին իշխանությունների օրոք. 2018թ. մայիսին հայտարարվեց, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամն իր յուրօրինակ նվերն է մատուցում մայրաքաղաքին՝ նվիրելով Երևանի 2800-ամյակի այգի։ Այն ժամանակ ընդդիմությունը այգու վերականգնման այդ նախագծի համար խիստ քննադատում էր և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, և ՀՀԿ-ական իշխանություններին։ Այսօր, սակայն, նույն նախկին ընդդիմության և այսօրվա իշխանության ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ են խոսում նախագծի և այգու մասին՝ իրենց վերագրելով կատարված աշխատանքը։

Ինչևէ, Արթուր Մեսչյանի խոսքով՝ իր ենթակայության տակ աշխատողները մինչև կեսգիշեր աշխատում են, բայց հեռուստատեսությամբ, այդ մի քանի կոպեկ ավելացման համար շատ են քննադատում, ինչն ազնիվ չէ։

«Եթե իմ ենթակայության տակ աշխատողների աշխատավարձը չբարձրանա, նրանց ժամը 18։00-ին ուղարկելու եմ տուն, որևէ մեկն այդ ժամից հետո աշխատավայրում չի լինելու, էլ չեմ խոսում շաբաթ-կիրակիների մասին։ Կարող եք սա ընդունել՝ որպես նախազգուշացում»,- ընդգծեց Արթուր Մեսչյանը։

Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ անեն մանկավարժները, բժիշկները և սահմանին կանգնած սպաները, որոնք ստանում են քիչ աշխատավարձ, Արթուր Մեսչյանն ասաց, որ ամենաերջանիկ մարդը կլիներ, եթե սահմանին կանգնած սպաները, ուսուցիչները և բոլորը կարողանային այնպիսի աշխատավարձ ստանալ, որով կկարողանային նորմալ ապրել։

«Եթե ցանկացածն իր բառի մեջ իրոնիա չտեսնի, ապա վտանգավոր կլինի, բնականաբար, աշխատողները պետք է մնան ժամը 18։00-ից մինչև նույնիսկ 22։00-ը: Ես մնում եմ, որովհետև աշխատանքի ծավալը նախկինի համեմատ երեք անգամ մեծացել է, իսկ աշխատակազմի թիվը գրեթե մնացել է նույնը: Եթե աշխատանքի ծավալը երեք անգամ ավելանում է, ուրեմն մինչև ժամը 18։00-ն աշխատելը դառնում է անտրամաբանական: Աշխատանքը շատ է, եթե մենք հնարավորություն ունենք, ըստ քաղաքապետարանի աշխատանքային բյուջեի, մի փոքր այս վերքերը փակել, ի՞նչն է պրոբլեմը, ուզում եմ հասկանալ: Այս աղբյուրն ավագանու որոշումն է եղել, եթե չեմ սխալվում «Լուսավոր Հայաստանի»՝ վերացնել պարգևավճարները և բարձրացնել աշխատավարձերը։ Առաջ ավելի հեշտ էր, քանի որ այդ գումարները գոյանում էին այլ ճանապարհով, այսօր այդ «խաղերը» չկան։ Մի բան գիտեմ, այսօր առանձնապես մեծ սպասելիքներ չունեմ այդ աշխատավարձերից, անկախ նրանից, թե իմ աշխատավարձն ինչքան կբարձրանա, քանի որ դրա հետ վարվելու եմ այնպես, ինչպես նախկինում վարվել եմ, հետո, փառք Աստծո՝ այստեղի աշխատավարձով չեմ ապրում»,- եզրափակեց Ա. Մեսչյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս