«Բռնությունը խարխլում է ընտանիքի հիմքը, բացասաբար է ազդում ընտանիքում երեխաների առողջ զարգացման ու դաստիարակության վրա». Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա առիթով:
Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է, բնակչության պահպանման և վերարտադրման հիմքը: Հայաստանում ընտանիքը մշտապես գտնվում է պետության պաշտպանության և հոգածության ներքո:
Ամուր սիրո ու հարգանքի հիման վրա ստեղծված ընտանիքներն են բարոյական բարձր արժեքների ձևավորման հիմքում և կազմում են քաղաքակիրթ հասարակության առանցքը: Բռնությունը խարխլում է ընտանիքի հիմքը, բացասաբար է ազդում ընտանիքում երեխաների առողջ զարգացման ու դաստիարակության վրա:
Միմյանց նկատմամբ սերը և միմյանց արժանապատվության ու իրավունքների նկատմամբ հարգանքն են կարող ապահովել համերաշխությունն ընտանիքում: Պետք է գործադրենք բոլոր ջանքերն այս արժեքների պահպանման համար:
Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան օրենսդրությունը ելնում է ընտանիքի ամրապնդման, ընտանեկան հարաբերությունները սիրո ու հարգանքի վրա կառուցելու, ընտանիքի բոլոր անդամների փոխադարձ օգնության և պատասխանատվության, ընտանիքում երեխաների դաստիարակության առաջնայնության, նրանց լսված լինելու, ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների անարգել իրականացումն ապահովելու, այդ իրավունքների դատական պաշտպանության հնարավորության անհրաժեշտությունից։
Արդեն շուրջ երկու տասնամյակ է, ինչ ՄԱԿ-ը մայիսի 15-ը հռչակել է ընտանիքի միջազգային օր, ինչը նպատակ ուներ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել ընտանիքի պաշտպանությանն ու զարգացմանն առնչվող խնդիրների վրա: Հայաստանը 2011 թվականից այս օրն ամրագրել է որպես Ընտանիքի օր: Սա յուրահատուկ հնարավորություն է եւս մեկ անգամ արժևորելու ընտանիքն ու ընդգծելու ընտանիքի բացառիկ դերը հասարակության ու պետության զարգացման գործում»: