Բաժիններ՝

Երևանում կա ընդամենը 3 մուրացիկ երեխա՞

Եթե հավատանք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներին, ապա 2011թ. տարեվերջի դրությամբ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է ընդամենը 15 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս, որոնցից երեքը՝ Երևանում։

Սա, մեղմ ասած, անհավատալի ցուցանիշ է։ Միայն Երևանի կենտրոնում կես ժամ զբոսնելով՝ կարելի է հանդիպել ամենաքիչը տաս փող հավաքող երեխայի։ Հասկանալի է, որ մեզ կարող են հակադարձել` թե այդ երեխաները հաշվառված չեն ոստիկանության կողմից։ Սակայն մարդկանց հետաքրքրում են ոչ թե հաշվառման ցուցանիշները, այլ իրական պատկերը։ Իսկ եթե այդ հաշվառման տվյալները ոչ մի ընդհանուր բան չունեն իրական պատկերի հետ, ապա ընդհանրապես անհասկանալի է, թե ինչու են դրանք հրապարակվում։ Այնպիսի տպավորություն է, որ նման ցուցանիշները ընդամենը «պտիչկա» դնելու համար են։
Ավելին, պարզվում է, որ Հայաստանի 11 մարզերից 7-ում մուրացիկ ու թափառաշրջիկ երեխաներ ընդհանրապես չեն հաշվառվել։ Դրանք են Արագածոտնը, Արարատը, Գեղարքունիքը, Կոտայքը, Սյունիքը, Վայոց Ձորն ու Տավուշը։ Իսկ Շիրակի մարզում հաշվառված է ընդամենը երկու մուրացիկ երեխա։
Ավելացնենք նաև, որ ՀՀ ԱՎԾ տեղեկատվության համաձայն, վերջին 10 տարիների ընթացքում մուրացիկ ու անչափահաս երեխաների թիվը շեշտակի նվազել է՝ 111-ից հասնելով 15-ի։ Կարելի էր ուրախանալ այս ցուցանիշով, եթե սա չլիներ ընդամենը… վիճակագրական ցուցանիշ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս