«Ուժային կառույցներին խորհրդարանական վերահսկողության դաշտ չբերելու ձեր արդարացումները ձախողվեցին». Անի Սամսոնյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դարձյալ համաձայն չէ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով ներկայացված փոփոխություններին: Այս մասին  Ազգային ժողովում նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում ասաց խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

«Ուժային կառույցներին խորհրդարանական վերահսկողության դաշտ չբերելու ձեր արդարացումները ձախողվեցին: Սահմանադրությունը հստակ որոշում է, թե ովքեր են խորհրդարանական վերահսկողության դաշտում: Ընդդիմության առաջարկների ընդունման ձեր նոր մշակույթը ողջունելի է, բայց այն կարծես դեռ կաղում է»,- ասաց Սամսոնյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց, որ դիմում-նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ուշադրություն սևեռել հատկապես Մշակույթի նախարարությունը որևէ այլ գերատեսչության չմիավորելու հանգամանքի վրա:

«Մշակութային քաղաքականությունը պետք է մշակվի և իրականացվի մեկ կառույցի, այլ ոչ թե միավորված կառույցի կողմից»,- նշեց Կոստանյանը: 

Նախագծի ամբողջական ընդունման դեպքում նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.

Արտաքին գործերի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արդարադատության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն

Բնապահպանության նախարարություն

Առողջապահության նախարարություն

Ֆինանսների նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

Կառավարության նիստերը կլինեն դռնբաց՝ բացառությամբ վարչապետի պատճառաբանված որոշմամբ նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դեպքերի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:

ԱԺ-ում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի առաջին ընթերցմանը դեմ էին քվեարկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

Տեսանյութեր

Լրահոս