Ամերիկյան կողմը նյարդայնացել է. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում նկատելի է դարձել, որ վարչապետը իր բացահայտ դժգոհությունն է հայտնում ԱՄՆ-ի կողմից տարվող քաղաքականության նկատմամբ. Փաշինյանն առիթը բաց չի թողնում բաց տեքստով իր տեսակետն արտահայտելու համար, անգամ վերջին օրերին նա նմանատիպ մի դիրքորոշում է հայտնել ռուսական լրատվականներից մեկին տված հարցազրույցի ժամանակ:
Ամերիկյան կողմին հատկապես նյարդայնացրել է այն փաստը, որ հայ-ամերիկյան հարաբերությունների մասին Փաշինյանը մեկնաբանություններ է անում ռուսական լրատվականներով:
Ի դեպ, նա ամերիկացիներին ուղղված իր բողոքը նաեւ բարձրաձայնեց ԱԺ ամբիոնից:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ամերիկացիներն, ի պատասխան Փաշինյանի բողոքների, պատրաստվում են հակադարձել նրան՝ կատարելով մի յուրատեսակ «ձիու քայլ». նրանք Փաշինյանին մոտ ապագայում առաջարկելու են միջպետական, միջկառավարական համագործակցության նոր ռազմավարական ձեւաչափ:
Ամերիկացիների հաշվարկը մոտավորապես հետեւյալն է. համաձայնեց՝ շատ լավ, կլինի փոխադարձ համագործակցություն, եթե հրաժարվեց, ուրեմն առկա է ռուսական գործոնը:
Ըստ որոշ տեսակետների, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը կփորձի խուսափել նման ակնհայտ համագործակցությունից: Իսկ թե ինչպիսի դիվանագիտական լուծումներ կգտնի, որպեսզի չնեղացնի ո՛չ ամերիկացիներին, ո՛չ ռուսներին, դժվար է պատկերացնել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: