«Եթե ունենա պահանջարկ՝ կդրվի զանգվածային արտադրության». փորձագետը՝ ադրբեջանական ավիառումբի մասին

Օրերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության Գիտահետազոտական ինստիտուտի և թուրքական ASELSAN ընկերության համատեղ ջանքերով ստեղծվել է լազերային թիրախավորմամբ ավիացիոն ռումբ: QFAB-250 ավիառումբերը, կախված անկման բարձրությունից, կարող են խոցել մինչև 12 000 մ շառավղում գտնվող թիրախները:

«Այդ ավիառումբերը ցուցադրվում են 2014 թվականից սկսած: Կոնկրետ սա 2018 թվականին արդեն ցուցադրել էին: Այն ամբողջովին ադրբեջանական արտադրության չէ, հիմնական մասը, որը կառավարվող է դարձնում՝ թուրքական ASELSAN ընկերությունն է տեղադրել: Եվ, հետո, այդ ավիառումբը դեռևս փորձարկումների փուլն էլ չի անցել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական կողմի տրամադրած տվյալներով՝ պատրաստ է ռումբի առաջին նախատիպի երեք նմուշ, այն պետք է անցնի փորձարկումների փուլ, որը հաջող հաղթահարելու դեպքում կդրվի զանգվածային արտադրության, եթե ունենա պահանջարկ: Այսինքն, դեռևս շատ գործընթացներ ունի անցնելու այդ ավիառումբը, մինչև պրակտիկորեն մեզ համար վտանգ ներկայացնի կամ չներկայացնի»,- հավելեց նա:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս