«Կան փաստեր, որ շարժական սրճարանների դաշտ կարող է ներխուժել խոշոր խաղացող». Միքայել Մանրիկյան
«Մենք ունեցել ենք բազում քննարկումներ, երեք խմբակցությունների հետ համատեղ եղել է քննարկում, որի ժամանակ ունեցել ենք համաձայնության ընդհանուր եզրեր։ Սակայն այս որոշման մեջ կան կետեր, որն անգամ մեր խմբակցության համար անընդունելի է, օրինակ՝ տենդերով, աճուրդով տրամադրվող վայրերը։ Կա մտավախություն և շարժական սրճարանների միության նախագահի կողմից փաստեր, որոնք ներկայացված են ինձ, որ կարող է, այնպես է ստացվել՝ այս դաշտ ներխուժի խոշոր խաղացող, որի պարագայում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ մյուսների համար»,- այսօր Կառավարության շենքի մոտ շարժական սրճարանների սեփականատերերի բողոքի ակցիայի ժամանակ մեզ հետ զրույցում նշեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը։
Հիշեցնենք, որ այսօր շարժական սրճարանների մի շարք սեփականատերեր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։
Հիշեցնենք նաև, որ ապրիլի 19-ին Երևանի քաղաքապետարանի կողմից մի շարք շարժական սրճարաններ զրկվել են էլեկտրականությունից, ինչի արդյունքում դրանք չեն աշխատում։
Միքայել Մանրիկյանի խոսքով՝ քաղաքային իշխանությունը սրճարանատերերին երկու ամիս առաջ ուղարկել է այնպիսի նախագիծ, որտեղ կան անընդունելի դրույթներ։
«ՀԷՑ-ը քաղաքապետարանի հետ շրջայց է կատարել և էլեկտրականությունից զրկել է նույնիսկ այնպիսի տնտեսվարողների, որոնք ունեցել են օրինական պայմանագիր։ Այսօր շարժական սրճարաններ կան, որոնք աշխատում են, դրանք գեներատորներով են աշխատում։ Մենք այս խնդրի լուծումը երկխոսության միջոցով ենք տեսնում»,- շեշտեց Մ. Մանրիկյանը։
Զվարթ Խաչատրյան