«Թավշյա հեղափոխության» կադրային բանկը
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, Նիկոլ Փաշինյանի թիմակից Արամ Մանուկյանը հերթական անգամ աղմկահարույց գրառումներ է անում ֆեյսբուքյան իր էջում ու հետո արգելափակում այն։ Առաջին անգամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջից հրաժարվեց Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո ու նոր էջ բացեց՝ այդպիսով վերացնելով հին «կոմպրոմատների» հետքերը: Նոր բացված էջը, սակայն, նույնպես երկար չծառայեց տիրոջը։
Այդ էջը Մանուկյանը փակեց, երբ այնտեղ Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի վերաբերյալ սկանդալային գրառում հայտնվեց՝ թաղապետ Գևորգ Բաբայանին որակումներ տալով. «Երկուշաբթի գրում եմ դիմումս։ Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի տեղակալ»,- գրել էր նա ու դարձյալ անհետացել։
Այդ ժամանակ Մանուկյանը հայտարարեց՝ իբր իր հեռախոսը գողացել են ու իր փոխարեն գրառում կատարել թաղապետի հասցեին, ու շարունակեց տեղակալի պաշտոնում աշխատել:
Այժմ էլ Մանուկյանն իր ֆեյսբուքյան հերթական նոր էջում մոտ կես ժամ պարբերականությամբ ակնհայտ հակակրանք պարունակող գրառումներ է կատարել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հանդեպ, ընդհուպ՝ կասկածի տակ է դրել հեղափոխության իրական լինելը. «տպավորությունա, որ սա իշխանատվություն էր՝ վլաստը տալիս ենք, բայց մեզ ձեռ չտաք»։
Նրա այս վերջին գրառումները հիմնականում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ էին և ի պաշտպանություն Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանի։
«Թե բա վիդեո կա, ԱԱԾ-ն յուղ ա վառում, Բա էդ պահին բռնեիք։ Հիմար, կառույց ա, սաղ հանցագործները իրենց հաճույքով փողերը ծախսում են։ Հ. Գ. Վանեցյան, ջեբս բան չքցես, չի անցնի»,- գրել է նա։
Ընդ որում, թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա նախկին ակտիվիստը պատրաստակամություն է դրսևորում լքելու վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Երեկ՝ ապրիլի 29-ին, արդեն տեղեկություն էր շրջանառվում, որ նա հրաժարականի դիմում է գրել։
Անձամբ Արամ Մանուկյանից այս վայրիվերումների մասին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Նրա հեռախոսահամարն անհասանելի էր ողջ օրը։ Նրան մոտիկից ճանաչողները լրագրողների հետ զրույցում ասել էին, թե՝ «էլի խմել, ոգևորված ստատուսներ ա գրել ու կորել»։
Երևանի քաղաքապետարանից «168 Ժամին» չհաստատեցին Մանուկյանի հրաժարականի մասին լուրը։
«Ըստ էության վարչական շրջանի ղեկավարի վարքագծի, կամ նրա ազատման, կամ աշխատանքի շարունակության նպատակահարմարության վերաբեյալ որոշումը կայացնում է իրեն նշանակողը, այն է՝ վարչական շրջանի ղեկավարը։ Հանրային ծառայության մասին օրենքում կան հանրային ծառայողի էթիկայի վարքականոնների մասին նշումներ, և, կարծում եմ, հենց այդ օրենսդրության համապատասխան պետք է գնահատական տրվի պաշտոնյայի գործողություններին։ Սոցցանցային գրառումներն էթիկայի վարքականոնների տիրույթում են»,- ի պատասխան մեր հարցման՝ ասաց քաղաքապետի մամլո քարտուղար Հակոբ Կարապետյանը։
Այնպես որ, դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք այս անգամ էլ Աջափնյակի ղեկավար Գևորգ Բաբայանն իր տեղակալին չի ազատի աշխատանքից, ինչպես նախկինում, երբ անձամբ իրեն որակել էր՝ որպես «անթասիբ և անինքնասեր ղեկավար»։
Ի դեպ, օրեր առաջ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով աշխատաշուկայի պահանջներին՝ զարմացած ներկայացրել էր քաղաքացիներից մեկի՝ իրեն ուղղված գրառումներից մեկը:
«Օգտատերերից մեկը գրել էր՝ 22 տարեկան եմ, ուզում եմ աշխատել, բայց ինձնից պահանջում են բարձրագույն կրթություն, երեք տարվա աշխատանքային ստաժ և երեք օտար լեզուների իմացություն»,- քաղաքացու գրառման մասին պատմել էր Փաշինյանը, ապա պատասխանել, թե՝ Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին կամ առնվազն քաղաքացիների մի մասը 22 տարեկանում, այո՛, պետք է ունենա բարձրագույն կրթություն, երեք լեզու պետք է իմանա և երեք տարվա մասնագիտական ստաժ ունենա։ Նոր իշխանությունների նշանակած կադրերից շատերի կենսագրությանը հետևելով, հասկանում ենք, որ քաղաքացու՝ Փաշինյանին ուղղված հարցը լրիվ տեղին էր։
Օրինակ, Աջափնյակի թաղապետի տեղակալ, «դուխով» գռառումների հեղինակ, 1981թ. ծնված՝ 38-ամյա Արամ Մանուկյանը 1999-2001թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում (տարկետում), այնուհետև անցյալ տարվանից՝ 2018թ.-ից է սկսել ուսումը ՀՊՏՀ-ի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում:
Մնում է պարզել՝ 2018-ի հեղափոխությունից առա՞ջ, թե՞ հետո է որոշել վերսկսել ուսումը։ Եվ արդյոք նա դասերին ներկա լինո՞ւմ է. չէ՞ որ նա ի պաշտոնե վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է։
Հիշեցնենք նաև, որ Ա. Մանուկյանը 2018թ. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման ակցիայի ակտիվ մասնակիցներից էր: