«Իմ քայլը» խմբակցության փակ նիստ կանցկացնի

«Մենք այսօր խմբակցության հանդիպում ունենք, սակայն խմբակցության նիստի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել խմբակցության նախորդ աշխատանքային հանդիպման ժամանակ։ Այսինքն՝ սա հրատապ հարցերի շուրջ հանդիպում չէ, այլ սովորական հանդիպում է, պետք է դիտարկել՝ որպես հերթական, և նախապես չենք հաստատել որևէ թեմա, քնարկելու ենք խմբակցության այս շաբաթվա աշխատանքները»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք այսօր «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում քննարկվելու են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վարքը ցեմենտի հարցի քննարկումների ժամանակ, «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումն ԱԺ նախագահին՝ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով, և Վայոց Ձորում ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի միջադեպը։

Դիտարկմանը, որ՝ հայտարարել էիք, թե Գագիկ Ծառուկյանը խախտել է ՀՀ Սահմանադրությունը, Մ.Կարապետյանը պատասխանեց, որ պարոն Ծառուկյանն իր խոսքերով է խախտել Սահմանադրությունը, սակայն փաստաթղթերով նա, այնուամենայնիվ, որպես սեփականատեր է և գործարանի կառավարմանը չի մասնակցում.

«Հույս ունեմ, ամեն դեպքում, որ փաստաթղթերում նման բան չկա, բայց իր խոսքում նա խախտում է Սահմանադրությունը։ Նա ԱԺ իր ելույթի ժամանակ ազդարարեց, որ գալիս է բամբակի գործարանի բացումից, իր թիմակիցներն իրենց ելույթներում ասում են, որ պարոն Ծառուկյանն է գին իջեցրել, այսինքն՝ տարբերակում չեն դնում որոշում կայացնողների հետ։ Սակայն, որպեսզի ինչ-որ գործողություն ձեռնարկենք, պետք է փաստաթղթերում խախտում լինի։ Մեկ բան է, որ մարդն ասում է, մեկ բան է, որ փաստաթղթում դա այդպես լինի»։

Հարցին՝ իրավապահներն անելիք ունե՞ն նման պարագայում, Մ.Կարապետյանը պատասխանեց, որ ստուգման տեսանկյունից կարող են ստուգում անցկացնել.

Կարդացեք նաև

«Բայց կարծում եմ, որ նա միայն որպես սեփականատեր է հանդես գալիս։ Ենթադրում եմ՝ փաստաթղթերի մակարդակում ամեն ինչ կարգին է»։

Հարցին՝ կարիք կա՞ Էթիկայի հանձնաժողովում քննել խնդիրը, պատգամավորը պատասխանեց, որ նման հարց չեն քննարկել.

«Խնդիրն իսկապես ոչ թե բարոյական, այլ քաղաքական մակարդակում է, քաղաքական ուժի խնդիր է։ Այսօր ընդամենը հորդորում ենք, որ նման հայտարարություններ չանեն»։

Տեսանյութեր

Լրահոս