«Ահա սա է մեր տան պատմությունը, հայրս էլ նույն ճանապարհն է անցել…». Տիգրան Մանսուրյան
Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի նախնիները Հայոց ցեղասպանությունը վերապրածներից են։
«Մայրս մի քանի ամսական է եղել, հայտնվել է որբանոցում, գաղթի ճանապարհին կորցրել է քրոջը։ Մորս հորը Մարաշում թուրքերն այրել են, իսկ մորը հաջողվել է հասնել մինչև Հալեպ և այնտեղ է մահացել։ Ահա սա է մեր տան պատմությունը, հայրս էլ նույն ճանապարհն է անցել»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց կոմպոզիտորը։
Նրա խոսքով՝ իր մայրը, որը ապրել է Լենինգրադյան փողոցում, հաճախ է թոռների ձեռքից բռնած սովորական օրերին այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
«Ծնողներս ինձ փոխանցել են ոգու կամքի ուժ, որ կարողանանք դիմադրել։ Մենք դիմադրելու ծրագրի մեջ ենք և պետք է դիմադրենք, մինչև մի օր «թուրք» բառը մեզ համար, ածական բառ լինելուց բացի, դառնա գոյական»,- շեշտեց Տիգրան Մանսուրյանը։
Ինչ վերաբերում է հեղափոխությունից իր սպասելիքներին, Տիգրան Մանսուրյանը նկատեց՝ բաներ կան, որոնք արդարացել են, «որոշ բաներ էլ՝ մեկ տարվա բան չեն»։
«Քիչ առաջ լսում էի իմ «Ռեքվիեմը», ասում եմ՝ քանի տարի էր՝ այն գոյություն ուներ, ինչո՞ւ չէր հնչում, առաջին անգամ էր հնչում հեռուստատեսությամբ։ Ես զարմանում եմ և ամեն ինչ բացատրում եմ նրանով, որ բան է փոխվել։ Ես չեմ ասում, որ դժվարություններ եմ ունեցել կամ նվաստացած եմ եղել, ո՛չ, բայց սա ահավասիկ փաստ է։ Մշակութային քաղաքականության մեջ դեռևս ոչինչ չի արվել»,- ասաց Տիգրան Մանսուրյանը։
Անդրադառնալով Քաղաքացու օրվան, Տիգրան Մանսուրյանն ասաց. «Երբ խորքով ապրում ես Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը, այդ քաղաքացիության գիտակցության պակասն ավանդաբար գալիս է մեզ հետ։ Քաղաքացի լինելու տեսակետից շատ չենք փոխվել, մենք նույն ստեղծագործության հերոսներն ենք։ Մենք առայժմ «ես»-երի գումար ենք, և ամեն մեկն իր «ես»-ի ապահովության փնտրտուքի մեջ է՝ նախ և առաջ։ Քաղաքացիության գիտակցությունը մեր մեջ դեռ քիչ է, այդ ուղղությամբ քայլ ենք անում»,- նշեց Տիգրան Մանսուրյան։
Զվարթ Խաչատրյան