«ՀՀ իշխանությունները փորձել են Թուրքիայի հետ 21-րդ դարին բնորոշ փոխհարաբերություններ հաստատել». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության պահանջը` որպես պետության արտաքին քաղաքականության թիվ մեկ օրակարգային խնդիր դնելը, փոքրացնում է ՀՀ արտաքին քաղաքականության մանրևելու հնարավորությունները և այս առումով որևէ խնդիր չի լուծում։

«Այսօր ՀՀ-ում նոր իշխանություն է, և այն ժառանգությունը ինչ եղել է նախորդ տարիներին, բավականին բարդ ժառանգություն է, հատկապես՝ հարևանների հետ ունեցած փոխհարաբերությունների առումով։ Վազգենի՝ եղբորս ասածի նման ասեմ, որ մենք այն ժողովուրդն ենք, որը լուրջ փորձություններով է անցել և կայուն մնացել, և եթե մենք աշխարհաքաղաքական գործոն չդառնանք, փաստ կարող ենք դառնալ, մեր իմացությամբ և գիտելիքներով։ Մեր միջից իսկապես պետք է հանվի զոհի հոգեբանությունը, պետք է ուժեղ լինենք, որպեսզի թույլ չտանք մեզ հետ այդպես վարվել։ Որքան էլ ասենք՝ հիշում և պահանջում ենք, դրանից բան չի փոխվելու, մենք պետք է հզորանանք»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը։

Նրա գնահատմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը և հայտարարությունը, որ պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հաստատել հարաբերություններ՝ շատ ճիշտ է, սակայն Թուրքիան այս հարցում իրեն ճիշտ չի պահում։

«Ավելի կոպիտ է մեջտեղ բերել Արցախի հարցը, ինչն անում է Թուրքիան, քանի որ թուրքերն ու ադրբեջանցիները գրեթե նույն ժողովուրդն են՝ երկու պետություններում։ Այս առումով շատ տարօրինակ կլիներ, որ Թուրքիան պաշտպաներ Հայաստանին, այլ ոչ թե՝ Ադրբեջանին»,- շեշտեց Ա. Սարգսյանը։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչելուն և «ֆուտբոլային դիվանագիտության» ձախողմանը, Արամ Սարգսյանն ընդգծեց, որ խնդիրն իշխանությունների այս կամ այն քայլը մեղադրելու մեջ չէ, քանի որ ՀՀ իշխանությունները փորձել են Թուրքիայի հետ 21-րդ դարին բնորոշ փոխհարաբերություններ հաստատել։

«Ընդհանրապես աշխարհն ինչպե՞ս է նայում մեզ և Թուրքիային, աշխարհը նայում է, որ երկու միմյանց հարևան պետություններ առաջին Համաշխարհային  պատերազմից հետո ինչ-ինչ խնդիրներ են ունեցել և առ այսօր իրենց մեջ ծագած խնդիրները չեն կարողանում լուծել։ Աշխարհը փորձում է այդ խնդիրը լուծել ավելի ժողովրդավարի դիրքերից, որի արդյունքում Ժնևում փորձեցին որոշակի փաստաթուղթ ստորագրել, որով կարող էր խնդիրը տեղից պոկվել։ Փաստաթղթի ստորագրումից հետո խնդիրը երկար ձգձգվեց։

Միշտ ասել եմ, որ այն ստորագրելուց հետո Հայաստանն իր խորհրդարանում պետք է վավերացներ, այդ դեպքում ամբողջ խնդիրը կմնար Թուրքիայի վրա։ Եթե մենք ուզում էինք Թուրքիային փաստի առաջ կանգնեցնել և աշխարհին ցույց տալ, որ Թուրքիան չի զղջում և չի ուզում ճանաչել, պետք է արձանագրությունները վավերացնեինք. հետ կանչելն ավելի կոպիտ սխալ էր, քան՝ ստորագրելը։ Ես ընդհանրապես հնարավոր եմ համարում այս տարածաշրջանում հարևանների հետ հարևանական հարաբերություններ ունենալը»,- հավելեց Ա. Սարգսյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս