«Ընթերցողների նոր սերնդի մի զգալի մասը շատ հաճախ նախընտրում է ոչ թե սեղանի առջև նստած և ձեռքերը ծալած, այլ օրինակ կիսապառկած կարդալ»
Արձակագիր, գրականագետ Հրաչյա Սարիբեկյանը, որը բոլորովին վերջերս է ստանձնել Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, նախատեսում է գրադարանի շենքում ժամանակակից ընթերցասրահի ստեղծման համար տարածք հատկացնել: Սարիբեկյանը նպատակ ունի նաև վերակառուցել գրադարանի բակը, որը նույնպես կարող է ընթերցանության ու զբոսանքի հրաշալի վայր դառնալ: Այս մասին «Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Սարիբեկյանը:
«Շատերը Հայաստանի ազգային գրադարանը նախկինում և դեռ հիմա էլ շարունակում են ընկալել հիմնականում որպես հայ տպագիր գրքի և մամուլի, վերջին տարիներին նաև թվայնացված գրքերի և մամուլի վիրտուալ պահոց: Այս մեծ գրադարանն ավելի շատ գրապահոցային տարածք է, քան զանգվածային ընթերցավայր, գրապահոցների ու ընթերցասրահների համամասնությունն, ըստ իս, մի տեսակ խախտված է: Մենք այսօր ունենք վիթխարի քանակությամբ գրքեր, ընթերցողների ստվար բանակ, ունենք ընթերցասրահներ՝ ընդհանուր, գիտական, մամուլի, արվեստի, սեղմագրերի և ատենախոսությունների, ընթերցասրահ կույրերի համար, բայց դրանց մի մասը շատ ժամանակ դատարկ կամ կիսադատարկ են, իսկ մյուսը՝ հատկապես ընդհանուր և գիտական ընթերցասրահները, ուղղակի չեն բավարարում ընթերցողներին»,-շեշտեց Սարիբեկյանը:
Նրա խոսքով` մի կողմից պետք է այնպես անեն, որ այդ դատարկ ու կիսադատարկ ընթերցասրահները նույնպես դառնան լեփ-լեցուն, մյուս կողմից մտածեն նոր ընթերցասրահների մասին:
«Քայլեր ենք ձեռնարկում կույրերի համար նախատեսված ընթերցասրահի հաճախումներն ավելացնելու ուղղությամբ: Փորձում ենք պատվիրել ռուսալեզու այնպիսի պարբերականներ, որոնք սկսել են հրատարակվել հետխորհրդային տարիներին կամ անգլալեզու հեղինակավոր այնպիսի պարբերականներ, որոնք գրադարանի կողմից մինչ օրս չեն պատվիրվել և այնպիսի պարբերականներ, որոնք պահանջված են նոր սերնդի կողմից: Սա, իհարկե, ժամանակի հետ կավելացնի մամուլի ընթերցասրահի հաճախումների քանակը»,-ասաց Սարիբեկյանը:
Նրա համոզմամբ` գրադարանները զարգանում են, և դասական ընթերցանության համար նախատեսված ընթերցասրահներին զուգահեռ պետք է ստեղծվեն նաև նոր՝ ժամանակակից ազատ ոճի ընթերցասրահներ: Դրանք պետք է հարմարեցվեն ժամանակակից ընթերցողների պահանջներին:
«Ընթերցողների նոր սերնդի մի զգալի մասը շատ հաճախ նախընտրում է ոչ թե սեղանի առջև նստած և ձեռքերը ծալած, այլ օրինակ կիսապառկած կարդալ:
Մենք ամեն ինչ պիտի անենք, որ այդպիսի ազատ ոճի ընթերցասրահ ունենանք գրադարանում: Ընթերցասրահ, ուր կարող ենք ընթերցումներ, քննարկումներ կամ գրքերի վերաբերյալ հեռուստահաղորդումներ կազմակերպել, այնպիսի մի տեղ, ուր այցելուները մտերմիկ մթնոլորտում զրուցեն, քննարկեն, հնարավորություն ունենան մտքեր փոխանակել ու հաղորդակցվել»,-իր ծրագրերը ներկայացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:
Ըստ Սարիբեկյանի` գրադարանը պետք է դառնա գիտամշակութային կենտրոն, որովհետև գրադարանի խնդիրն առհասարակ կրթական, ժամանցային և գիտական հարցեր լուծելն է: «Վերոնշյալ երեք ուղղություններով էլ անհրաժեշտ է բազմազան ու բազմաբովանդակ միջոցառումներ կյանքի կոչել, որ գրադարանը միշտ լինի հետաքրքիր, և որին նույնիսկ գրքից հեռացած մարդիկ կապվեն: Եվ շեշտադրումը չի լինելու միայն գեղարվեստական գիրքը: Առաջիկայում նախատեսում ենք տարբեր թեմաներով գիտաժողովներ հրավիրել: Արդեն հաստատված ու շարունակական միջոցառումների ավանդույթներ ենք հիմնել՝ շաբաթ օրերը մեր կինոսրահում գրական նշանակալից երկերի էկրանավորումներ են ցուցադրվում, կազմակերպել ենք գրական ստեղծագործությունների նկարազարդումների առաջին ցուցահանդեսը, որ շարունակական բնույթ պիտի ունենա: Թե՛ էկրանացումը, թե՛ պատկերազարդումը արվեստի՝ գրքի հետ կապված տեսակներ են, և խնդիրը արվեստի տարբեր միջոցներով մարդկանց դեպի գիրքն ու ընթերցանության հաճույքը վերադարձնելն է: Կարևոր է նաև ընթերցողական զանգվածների հետ աշխատանքը: Այդ նպատակով էլ կույրերի համար ընթերցանություն ենք կազմակերպել: Նշանավոր մարդիկ կույրերի համար որևէ ստեղծագործություն են կարդում: Բայց այդ զանգվածների ընդլայնմանը զուգահեռ շատ կարևոր է նաև ընթերցասրահների խնդիրը լուծել»,-նշեց Սարիբեկյանը:
Անդրադառնալով գրքերի թվայնացման գործընթացին՝ նա ասաց, որ գրադարանի գրքերի թվայնացումը վաղուց է իրականացվում և շարունակվում է, բայց դարձյալ այդ թվայնացված գրքերը ընթերցողների համար մատչելի դարձնելու ծրագրեր են պետք իրագործել, քանի որ ժամանակակից ընթերցողներից շատերը էլեկտրոնային գրքերով են նախընտրում ընթերցել: «Այդ նպատակով քննարկում ենք մեր կողմից թվայնացված գրքերի ձևաչափի՝ էլեկտրոնային գրքերի համար նախատեսված ձևաչափի փոխակերպելու և ազգային գրադարանի հատուկ բաժանորդների համար թվայնացված տեքստերն այդ կերպ ընթեռնելի դարձնելու հարցը»,-ընդգծեց տնօրենը:
Նա շեշտեց, որ իր նախագծերի կարևոր մասն է կազմում գրադարանի բակի վերակառուցումը: Ցանկանում է, որ այն վերածվի այգի-ընթերցասրահի, որտեղ մարդիկ կարող են զբոսնել ու կարդալ:
Խոսելով աշխատակազմի մասին՝ Հրաչյա Սարիբեկյանն ասաց, որ գրադարանային գործը գրադարանավարից շատ մեծ նվիրում, բարեխճղություն, պատասխանատվություն և բծախնդրություն է պահանջում, և ինքը կշարունակի աշխատել այդ որակները կրող գործընկերների հետ:
Անժելա Համբարձումյան