Ինչու են որոշել նախագահի նստավայրն անվանափոխել և կոչել «Հանրապետության տուն»

Օրերս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը գրավոր դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրն անվանակոչվի «Հանրապետության տուն» անունով։

168.am-ը նախագահի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանից հետաքրքրվեց՝ քաղաքապետն արդեն պատասխանե՞լ է հարցմանը, թե՞ ոչ։

Հ. Պետրոսյանը նշեց, որ Հ. Մարությանն արդեն ուղարկել է գրավոր պատասխանը, որտեղ մասնավորապես նշել է, որ ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցը, ըստ սահմանված կարգի, կներկայացվի քաղաքապետարանի ավագանու ապրիլի 23-ին կայանալիք նիստի քննարկմանը։

Պարզվում է՝ Նախագահի նստավայրը որոշել են անվանափոխել՝ վերանվանելով «Հանրապետության տուն», քանի որ  2019 թվականի մարտի 1-ից Հանրապետության նախագահը և իր աշխատակազմը Մաշտոցի պողոտա 47 հասցեից տեղափոխվել են Բաղրամյան պողոտա  26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի վարչական շենք, իսկ նույն շենքում աշխատասենյակ է նախատեսված նաև ՀՀ վարչապետի համար, նրան ընձեռված է նաև արարողակարգային նշանակության դահլիճներից օգտվելու հնարավորություն:

Մեր տեղեկություններով, բացի այդ, իշխանափոխությունից հետո Հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքում է տեղակայված և իր գործունեությունն է ծավալում նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Որպես հիմնավորում՝ նշված է նաև այն հանգամանքը, որ նույն Բաղրամյան պողոտա 26 հասցեում հաշվառված է նաև Հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքի հարևանությամբ գտնվող  բազմաբնակարան շենքը, ինչը հաճախ թյուրիմացությունների տեղիք է տալիս՝ հատկապես պաշտոնական հեռագրերի, նամակների և այլ գրությունների առաքման և ստացման հետ կապված:

Ի դեպ, Հանրապետության նախագահի աշխատակազմը ծրագրում է Բաղրամյան պողոտա 26 հասցեում գտնվող վարչական շենքի դահլիճներում, ինչպես նաև հարակից տարածքում իրականացնել մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, և այլն: Ուստի այս ամենը հաշվի առնելով, ինչպես նաև վերիմաստավորելով ՀՀ նախագահի նստավայրի նշանակությունը և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն՝ առաջարկել են Բաղրամյան 26-ն անվանել «Հանրապետության տուն»։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս