«Խորհրդարանի դուռը ծանր է, շրխկում է, բնականաբար, դա Համազասպի հետ կապ չունի». Էդմոն Մարուքյան
«Շատ նորմալ եմ համարում, որ իշխանության տարբեր պատգամավորներ դժգոհում են ընդդիմությունից: Դա նշանակում է, որ ընդդիմությունը լավ է աշխատում: Խորհրդարանի դուռը ծանր է, շրխկում է, բնականաբար, դա Համազասպի հետ կապ չունի, ոչ էլ քաղաքական մեծամասնության հետ»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի մեղադրանքին, որ Մարուքյանն անհարգալից է գործընկերների հանդեպ, ԱԺ դահլիճից դուրս գալիս դուռը միշտ շրխկացնում է:
Ըստ նրա՝ դահլիճում հեռախոսից օգտվելը նորմալ է, քանի որ զանգեր անել հնարավոր չէ, բայց պետք է կապ պահել. «Դա վստահ եմ, Համազասպին չի խանգարում»:
«Մենք իրենց բոլոր ելույթներին ուշադիր ենք, հետևում ենք, հարցերով ենք հանդես գալիս և ելույթներով, որից իրենք ներվայնանում են»,- հավելեց Մարուքյանը: