«Խելացի անասնագոմերի և խոշոր եղջերավոր կենդանիների սուբսիդավորման ծրագրերն ամենաշատ հայտերն է ստացել». Գեղամ Գևորգյան
Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գյուղնախարարության ոլորտում իրականացվել են թվով 11 աննախադեպ ծրագրեր։
168.am-ը Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեց, թե դրանք կոնկրետ ի՞նչ ծրագրեր են և հատկապես գյուղոլորտի ո՞ր ճյուղերին են վերաբերում։
«Ծրագրերը, որոնց մասին հայտարարեցինք, պետության կողմից ստանում են օժանդակություն, դրանք են՝ ինտենսիվ այգեգործության, ոռոգման համակարգի, հակակարկտային ցանցերի, խոշոր եղջերավոր կենդանիների ներմուծման, խելացի անասնագոմերի սուբսիդավորման, ցեցի դեմ պայքարի, լիզինգի, վերամշակումների համար մթերման ծրագրերը։ 9 ծրագրով մարդիկ արդեն դիմել են»,- ասաց Գեղամ Գևորգյանը։
Ըստ նրա, մամուլում անընդհատ շրջանառվում է, որ բանկերը գյուղատնտեսական վարկեր չեն տրամադրում։ Նրա խոսքով՝ եթե չեն էլ տրամադրում, ապա խնդիրը ոչ թե այն է, որ պետությունը դադարեցրել է սուբսիդավորումը, այլ պատճառն այն է, որ տվյալ անձի հետ կապված՝ բանկերը ֆինանսական ռիսկեր են տեսնում։
«Փոքր և միջին խելացի անասնաշենքերի կառուցման մասով, որը մեկնարկել է ընդամենն օրեր առաջ, արդեն ունենք ավելի քան 170 դիմում, իսկ խոշոր եղջերավոր կենդանիների սուբսիդավորման հետ կապված՝ ունենք 275 դիմում։ Այս առումով բավականին արագ ենք գնում։ Ամենադանդաղ ծրագիրը կարկտապաշտպան ցանցերի ծրագիրն է, որտեղ մարդիկ դժվարանում են դիմում վերցնել»,- շեշտեց Գ. Գևորգյանը։
Հետաքրքրվեցինք, թե վերջին 10 ամիսների ընթացքում գյուղոլորտում քանի՞ աշխատատեղ է բացվել, քանի որ ՀՀ վարչապետը ԵԽԽՎ-ում իր ելույթի ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանում արդեն ստեղծվել է 50 հազար աշխատատեղ, իսկ տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը նշել էր 51 հազար աշխատատեղ։
«Կդժվարանամ ասել, թե քանի աշխատատեղ է բացվել, քանի որ գյուղատնտեսության մեջ աշխատատեղերը չեն գրանցվում, այսինքն՝ նույն գյուղացին որևէ պարտավորություն չունի ռեգիստրացիայի ենթարկվել, ուստի կդժվարանամ կոնկրետ թիվ ասել։ Բայց դիմումների քանակը ենթադրում է, որ, օրինակ՝ այսքան մարդ կարող է զբաղվել գյուղատնտեսությամբ, ինչն էլ ենթադրում է, որ առնվազն մեկ ընտանիքի մեջ ներգրավված մեր ինդեքսով որ հաշվենք՝ 3,8 հոգի մարդ, նշանակում է, որ սրա մուլտիպլիկատիվ էֆեկտով հաշվենք , թե քանի աշխատատեղի մասին է խոսքը»,- ընդգծեց Գեղամ Գևորգյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան