«Մեր զեկույցներում հիշատակվում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կիրառվող շրջափակման քաղաքականությունը»
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ խորհրդարանում ընթացող «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով լսումների ժամանակ ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը ներկայացրեց համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացը, որի 3-րդ զեկույցը կհրապարակվի գալիք հունվարին:
Ըստ նրա՝ վերջին դիտարկման արդյունքում արվել է 360 առաջարկություն, որից 313-ը ստացել է ՀՀ աջակցությունը, իսկ Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունները հիմնականում մերժվել են, քանի որ այդ պետության ողջ տարածքում իրականացվել են հայ բնակչության դեմ վայրագություններ և էթնիկ զտումներ, որի պատճառով բազմաթիվ հայեր լքել են իրենց բնակության վայրերը, Ադրբեջանը հայերի հանդեպ իրականացնում է էթնիկ և կրոնական ատելության և քսենոֆոբիայի քաղաքականություն, Ադրբեջանը մերժում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և չի դադարում հումանիտար իրավունքի խախտումները և քաղաքացիական բնակչության թիրախավորումները:
«Սա արտացոլվել է նաև մեր զեկույցի մեջ, քանի որ Ադրբեջանի կողմից հայատյացության աննախադեպ մակարդակը հանդիսանում է մարդու իրավունքների ոտնահարում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից պարբերաբար ոտնահարվում են Արցախի բնակչության կյանքի իրավունքը և Հայաստանի սահմանամերձ բնակչության կյանքի իրավունքը: Մեր զեկույցներում հիշատակվում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կիրառվող շրջափակման քաղաքականությունը, քանի որ դա ՀՀ տնտեսական զարգացման ակնհայտ ոտնահարում է»,- ասաց փոխնախարարը: