Բաժիններ՝

Վիտալի Բալասանյանը հանդիպել է ԱրՊՀ ուսանողների հետ

Այսօր՝ ապրիլի 3-ին, ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, «Արցախի հերոս» Վիտալի Բալասանյանն Արցախի պետական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը Վիտալի Բալասանյանը նախ ներկայացրել է անվտանգության ոլորտի խնդիրները, անդրադարձել առկա մարտահրավերներին և քաղաքական զարգացումներին, ինչպես նաև դրանց լուծման մասին իր տեսլականին:

ԱԽ քարտուղարի խոսքով՝ 2016 թ.-ի ապրիլին տեղի ունեցած դեպքերից հետո աշխատանքներ են տարվել կապի միջոցների հետ, տեղադրվել ջերմատեսիլ և ցերեկային դիտարկման սարքեր, իրականացվել ինժեներական աշխատանքներ:
Վ. Բալասանյանը վստահեցրել է, որ չկա հակառակորդի մեկ քառակուսի մետր տարածք, որը թե՛ գիշերային և թե՛ ցերեկային պայմաններում տեսադիտարկման համակարգերի միջոցով չվերահսկվի:

Անդրադառնալով կրթական համակարգին՝ նա նշել է, որ այս ոլորտում առկա են լուրջ մտահոգություններ, և պետք է մշակել փաթեթ, որտեղ ներառված կլինեն անհրաժեշտ բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են առաջիկայում իրականացնելու համար:
ԱԽ քարտուղարի խոսքով՝ Արցախի պետական համալսարանում ռազմական ամբիոն ունենալու հարցն այսօր դարձել է անհրաժեշտություն:

«Բուհում ունենալով ռազմական ամբիոն` ուսանողին միաժամանակ հնարավորություն կընձեռվի ձեռք բերել երկրորդ մասնագիտություն, դրանով իսկ ռազմական գործի որակյալ մասնագետներ պատրաստել նաև զինված ուժերի համար: Դեռևս 2001 թ.-ին ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը մշակել էր համապատասխան փաթեթը ռազմական ամբիոն ունենալու ծրագիրը կյանքի կոչելու համար: Այն սակայն չի իրականացվել: Գտնում եմ, որ այսօր հարցը դարձել է հրատապ»,- ասել է Վ. Բալասանյանը:

ԱԽ քարտուղարը նշել է, որ ուսանողների հետ նման երկխոսությունները հնարավորություն են տալիս քննարկելու կատարված և կատարվող աշխատանքները:

«Մենք պետք է լսենք թե՛ ուսանողին, թե՛ խրամատում կանգնած զինվորին, թե՛ հաց արարող գյուղացուն: Մինչև մենք չլսենք, չիմանանք նրանց տեսակետները, մտքերը, մտահոգությունները, չենք կարող որևէ հարցի շուրջ համապատասխան որոշում կայացնել: Կրթական համակարգի խնդիրներին անդրադառնալիս նշեմ, որ ես ևս ունեմ իմ տեսլականը: Այն իրենից ներկայացնում է մեծ փաթեթ և վերաբերում է հանրակրթական դպրոցներին, 12-ամյա կրթական համակարգին, Արցախի տարածքում գործող բուհերին, որոնք ըստ իս, պետք է միավորվեն և գործեն մեկ ընդհանուր համակարգում: Կարծում եմ՝ առաջարկների փաթեթ դասախոսների կողմից ևս կներկայացվի»,- ավելացրել է Վ. Բալասանյանը:

Հանդիպմանը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների կողմից հնչեցվել են մի շարք հարցեր, եղել են նաև առաջարկներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս