Տրանսպորտի նախկին փոխնախարար Արթուր Առաքելյանին մեղադրանք չի առաջադրվել. Գործը նորից ուղարկվել է ՔԿ. «Փաստինֆո»
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության ներդրումային գործընթացում արձանագրված չարաշահումներին տրանսպորտի եւ կապի նախարարի նախկին տեղակալ Արթուր Առաքելյանի հնարավոր առնչության վերաբերյալ գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վ. Հովհաննիսյանը։
«Փաստինֆո»-ն փորձել էր պարզել՝ արդյո՞ք նախաքննությամբ հիմնավորվել է Կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ներդրումային պարտավորությունները կատարելու ընթացքում 428 միլիոն դրամի հափշտակությունը, արդյո՞ք Ա. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել թե՞ որոշում է կայացվել նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Հետաքրքրվել էինք նաեւ՝ ՀՔԾ վարույթում քննվող գործով կա՞ն այլ կասկածյալներ կամ մեղադրյալներ, եւ արդյո՞ք ՀՔԾ-ն նշանակել է ստուգում, փորձաքննություն՝ ճշտելու կատարված հափշտակության իրական չափը։
ՀՔԾ-ից ստացված պատասխանում մասնավորապես ասվում է. «Հիշատակված քրեական գործի նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին։ Ձեզ հետաքրքրող տեղեկությունը ստանալու համար առաջարկվում է դիմել ՀՀ քննչական կոմիտե»։
Քննչական կոմիտեից արդեն տեղեկացանք, որ նախկին պաշտոնատար անձի առնչության վերաբերյալ գործն իրենց է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազի հատուկ հանձնարարականով: Առաքելյանին մեղադրանք չի առաջադրվել . կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանի խոսքով` Արթուր Առաքելյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է: Նշենք, որ դեպքի առնչությամբ ՔԿ-ի վարույթում մինչ այս քննվող գործով նոր տեղեկություններ դեռեւս չկան։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական գործը վերաբերում է փոխնախարարի պաշտոնավարման տարիներին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեության ընթացքում թույլ տրված չարաշահումներին: Առաքելյանը նախարարի առաջին տեղակալ էր նշանակվել 2013 թվականի դեկտեմբերի 25-ին և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ 2017-ի մայիսի 30-ին ազատվել էր այդ պաշտոնից: Պաշտոնավարման ժամանակահատվածում նա համակարգել է երկաթուղու վարչության գործունեությունը:
2018 թվականի դեկտեմբերին ՀՀ քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ : Ըստ այդմ` նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2008թ. փետրվարի 7-ի թիվ 83-Ա որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության միջև 2008թ. փետրվարի 13-ին կնքվել է «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագիրը՝ ՀՀ երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարի ժամկետով օգտագործելու և պայմանագրում ամրագրված ժամանակահատվածում 122.348 մլրդ ՀՀ դրամ երկաթուղային ենթակառուցվածքներում և 52.209 միլիարդ ՀՀ դրամ շարժակազմում ներդրումներ կատարելու վերաբերյալ:
Հետագայում պայմանագրով նախատեսված կարգով կատարված աուդիտի արդյունքում կազմվել և 2015թ. փետրվարին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերություն ու նախարարություն է ներկայացվել 2008-2013 թվականների՝ ընկերության ծավալած գործունեության վերաբերյալ աուդիտորական հաշվետվություն, որում արձանագրվել են ընկերության գործունեության հետ կապված ֆինանսական բնույթի մի շարք չարաշահումներ, այդ թվում՝ երկաթուղային ենթակառուցվածքներում կատարված ներդրումներում՝ 428 միլիոն ՀՀ դրամի չկատարված շինարարական աշխատանքներ: Ըստ քննչական կոմիտեի՝ փոխնախարարը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունից չստանալով աուդիտորական եզրակացությամբ արձանագրված չարաշահումների և դրանք վերացնելու վերաբերյալ պատճառաբանված պարզաբանումներ և առաջարկություններ, ներդրումային գործընթացում կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակության մասին հաղորդում չի ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին։ Արդյունքում ներդրումային միջոցներից հափշտակվել է 428 միլիոն ՀՀ դրամ:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Այն դեռեւս դեկտեմբերին ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։