«Պատժողական մոտեցմամբ բարեփոխումներ չեն կարող լինել». Արթուր Սաքունց
«ԱԺ ընտրություններից հետո սա մեր առաջին հանրային քննարկումն է, որի հիմնական ուղերձն այն է, թե նոր իշխանությունն ինչ պարտավորություններ պետք է վերցնի, քանի որ նոր իշխանությունը պետք է մտնի նաև պարտավորությունների տրամաբանության մեջ։ Այստեղ կցանկանամ դատաիրավական համակարգի հետ կապված մի քանի խնդիրներ ձևակերպել, մենք դեռևս չունենք վստահություն ունեցող դատական իշխանություն, բայց ոնենք վստահություն ունեցող ազգային ժողով և նրա կողմից ընտրված Լկառավարություն»,- այսօր «Հետհեղափոխական Հայաստան. համակարգային խնդիրների համակարգային լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով դատաիրավական համակարգում տիրող իրավիճակին սպասվող փոփոխություններին։
Նրա խոսքով՝ այսօր գործադիր իշխանությունը հրապարակավ զերծ է մնում դատական իշխանությանը թելադրելուց, սակայն դատական համակարգն իր բովանդակությամբ չի փոխվել։
Ըստ նրա, դատական համակարգը պետք է փոխվի, պետք է լինի լեգիտիմ դատական համակարգ, հակառակ դեպքում՝ ամենաբարձր լեգիտիմություն ունեցող Ազգային ժողովն ու կառավարությունը ձախողելու են բոլոր բարեփոխումները։
«Թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր իշխանության լեգիտիմությունը շարունակում է մնալ նախկին կառավարման համակարգի տրամաբանության մեջ։ Իշխանության տարանջատման և զսպման գոյություն ունեցող մեխանիզմը չի փոխվել, այսինքն՝ մենք ունենք բոլորովին այլ մեխանիզմ, որն անպիտան է ժողովրդական կառավարման, իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման տեսանկյունից։ Երբ մենք խոսում ենք տրամաբանության փոփոխության մասին, այն չպետք է պայմանավորված լինի իշխանությունը կրողների անձնական տրամաբանության փոփոխությամբ, այլ պետք է արտահայտվի հարաբերությունների, գործառույթների կառավարման մեխանիզմի փոփոխությամբ։ Սա վերաբերում է ոչ միայն դատարաններին, այլև դատախազությանը, ոստիկանությանը, ԱԱԾ-ին, քրեակատարողական համակարգին, ԴԱՀԿ-ին, փաստաբանական ինստիտուտին»,- ընդգծեց Ա. Սաքունցը։
Նա ընդգծեց, որ այս ամենը համարում է հանրային պահանջ, որպեսզի իշխանությունները պարտավորություն ստանձնեն փոփոխություններ իրականացնել դատաիրավական համակարգում։ Ավելին՝ այս գործընթացում հապաղելը լի է լուրջ խնդիրներով։
«Դատաիրավական համակարգում պետք է լինի նաև զտում, ինչի համար անհրաժեշտ է քաղաքական որոշում։ Տեսնելով փաստերը, այդպես հնարավոր չէ շարունակել, որովհետև պատժողական մոտեցմամբ բարեփոխումներ չի կարող լինել, մենք անընդհատ մարդկանց չենք կարող բռնել կաշառքի պատճառով, պետք է սիստեմն այնպես փոխվի, որ կաշառքի հետևից ընկնելու միտում չլինի»,- եզրափակեց Արթուր Սաքունցը։
Զվարթ Խաչատրյան