Բաժիններ՝

Վարչական լծակներով սպառնացել են գրավատների և փոխանակման կետերի սեփականատերերին

Գրավատների ու փոխանակման կետերի ներկայացուցիչները դժգոհ են կառավարության կողմից «Պետական տուրքի» մասին օրենքում կատարված փոփոխություններից, որոնց համաձայն՝ պետտուրքը գրավատների համար թանկացվում է 100 000 դրամից մինչև 6 մլն դրամ, իսկ բանկերի համար՝ 3 միլիոնից 7 միլիոն դրամ է դառնում, այսինքն` 60 անգամ ավելանում է գրավատների պետտուրքը։ Տևական ժամանակ է՝ գրավատների ու փոխանակման կետերի ներկայացուցիչները ցանկանում են հանդիպել վարչապետ Փաշինյանի հետ, քանի որ պատկան մարմինների հետ իրենց քննարկումներն ու հանդիպումներն ընդհանուր հայտարարի չեն բերել նրանց։

Նախօրեին ՀՀ ֆինանսների նախարարությունում, ըստ էության, վերջակետ է դրվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխութոյուններ անելու վերաբերյալ վիճահարույց նախագծի շուրջ քննարկումներին:

Տնտեսվարողները պաշտոնատար անձանց հետ երեք ժամանոց հանդիպում են ունեցել, իսկ վերջում դժգոհ փակել են դուռը և հեռացել:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսվարողներից Հայկ Սահակյանը:

Նրա խոսքով, Ֆինանսների նախարարությունում Ֆիննախ-Կենտրոնական բանկ (ԿԲ) հետ հանդիպմանը կտրականապես մերժվել է 6 մլն դրամ շեմը վերանայելու մասով տնտեսվարողների առաջարկը և հենց այդ պահից սկսած ողջ քննարկումը, ըստ մեր զրուցակցի, ջուրծեծոցիի է վերածվել:

«Փաստացի մեզ կանգնեցրին ինքնաոչնչացման առաջ։ Մարտի 7-ին կառավարության նիստում արած իրենց հայտարարությունը՝ գրավատների 100.000 դրամ պետտուրքը 6 մլն դարձնելու մասին, այդպես էլ չի վերանայվում, գործադիրում էլ ուրբաթ օրը մեզ հասկացրեցին, որ վարչապետի մակարդակով ամեն բան գծած-կարված է, 6 մլն հարկը քննարկման ենթակա չէ»,- 168.am-ին անցած ուրբաթ կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման մասին մանրամասներ է հայտնում տնտեսվարողը:

Ի դեպ, փոխվարչապետի նախաձեռնած հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:

«Ինչպես Ֆինանսների նախարարությունում, այնպես էլ կառավարությունում փոխվարչապետի հրավիրած հանդիպմանն ավանդաբար մերժվում է լսել մեր առաջարկությունը, և քննարկումը պաշտոնյաները սկսում են իրենց գծած սցենարի ծիրից: Նրանք այդպես էլ չծանոթացան տնտեսվարողներիս առաջարկներին, մինչդեռ հույս ունեինք գործադիրի հետ համաձայնության գալ ոսկե միջինի տիրույթում: Վարքագիծն այն է, իրենք ամեն բան գիտեն, և ամեն ինչ որոշված է, և հետդարձի ճանապարհ չկա: Երկար բանավեճից հետո, միակ ժեստն էլ, որ արվեց, պայման դրվեց տնտեսվարողներիս առաջ՝ այնուհանդերձ լուռ գնալ առաջարկվող փոփոխությանը, պայմանով, որ 1 միլիոն բարձրացումով՝ մինչև 3 տարում հասնել 6 մլն դրամ հարկման նշաձողին»:

Առաջարկը միանգամայն մերժվել է բոլոր տնտեսվարողների կողմից:

Նրանց խոսքով՝ այս առաջարկը դանդաղ մահ է նշանակում: Փաստացի նրանք վստահ են, որ գրավատները 6 միլիոն դրամ հարկ տալ չեն կարող և կփակվեն, ուստի առաջարկում են փակվել` կառավարության համար ավելի անաղմուկ ձևով, որպեսզի վարչապետի հանդեպ հանրությունը վերաբերմունք չփոխվի հանկարծ:

Մի կարևոր բացահայտում ևս հանդիպման մանրամասներից. ըստ մեր զրուցակցի՝ Կառավարությունում անցած ուրբաթ կայացած հանդիպմանը՝ Մհեր Գրիգորյանն ու Ներսես Երիցյանը տնտեսվարողների հետ խոսել են «շանտաժի լեզվով»:

Ասում են՝ փոխվարչապետը հարկադրանքի ուժով 6 մլն հարկի կիրառման մասին խոսելիս՝ սպառնացել է տնտեսվարողներին, թե կգնա վարչական ռեսուրսների կիրառման ճանապարհով ու քաոսի կվերածի տնտեսվարողների գործունեությունը, կհասցնի այն բանին, որ այսօրվա կառավարության առաջարկած 6 մլն դրամ պետտուրքը բողոքողների համար երանելի կթվա:

Տնտեսվարողներն ավելի քան վստահ են, որ այս և մյուս խնդրահարույց (գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու մասին) նախագծի համահեղինակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իրականում թաքցնում է վարչապետից տնտեսվարողների դժգոհությունը և հատուկ միտումով կանխում է քննարկման բոլոր ռեսուրսները, որոնք կարող էին, ի վերջո, կողմերին կոնսենսուսի բերել:

Այսօր ԱԺ շենքի մոտ գրավատների և փոխանակման կետերի սեփականատերերը բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում. Վարչապետն ԱԺ-ում պատասխանում էր պատգամավորների հարցերին։

Այսօր նրանց հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանն ասաց, որ նախագծի ողջ փաթեթն ուսումնասիրելով՝ հստակ հասկացել են, որ սա բանկերի լոբբինգ արած ծրագիրն է։

«Նրանց հիմնական հիմնավորումն այն է, որ պետք է խոշորացում գնա, այնինչ կառավարության ծրագրում հստակ նշված է, որ պետք է խրախուսվի փոքր և միջին բիզնեսը։ Մենք այս հարցում լիովին սատարում ենք ձեզ ու վստահ ենք, որ չի կարելի փոքր բիզնեսի բեռն այդչափ ավելացնել, իսկ բանկերինը՝ անհամեմատ ավելի քիչ բարձրացնել»,- ասաց ԱԺ պատգամավորը։

«Կառավարության հետ հանդիպման ժամանակ մեզ չթողեցին նկարահանել այդ հանդիպումը, և այն չլուսաբանվեց առհասարակ։ Մեզ խոստացել են, որ կհրավիրեն ԱԺ Տնտեսական հանձնաժողովի նիստին, ու այնտեղ մենք մեր առարկությունները կներկայացնենք,- նշել են բողոքի ակցիայի մասնակիցները՝ ավելացնելով,- «Մեզ ասում են՝ դուք ունեք 2 տարբերակ՝ կամ պետական տուրքի բարձրացումը 3 միլիոնի չափով, որ ձեր ծախսերը հոգանք, կամ դուք գնում եք խոշորացման»։

Գևորգ Գորգիսյանի կարծիքով՝ նման տրամաբանությամբ պետք է բոլոր մանր ու միջին կրպակներն ու խանութներն էլ փակվեն, ու աշխատեն միայն սուպերմարկետները, ինչ լուրջ հակասության մեջ է մտնում կառավարության ծրագրի հետ։

«Եթե ընդունվեն այսպիսի օրենքներ, մենք առաջ չենք կարող գնալ։ Մեզ համեմատում են բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ, սակայն, եթե համեմատենք մեր ու նրանց պորտֆելները, մենք անհամեմատելի ենք։ Ու այսօր ասում են, թե գրավատները չարիք են, որովհետև 120 տոկոսով վարկեր են տալիս։ Նման բան գոյություն չունի։ Վերցրեք նայեք սովորական վարկային կազմակերպության տված վարկերն ու համեմատեք գրաատան տված տոկոսների հետ… Համեմատությունը ճիշտ չի արվում»,- պատգամավորի հետ զրույցում ասել են ակցիայի մասնակիցները։

Ապրիլի 1-ը որպես սահմանագիծ դնելով իրենց առաջ՝ տնտեսվարողները որոշել են երկուշաբթի կրկին հավաքվել կառավարության մոտ: Այս անգամ վճռական են տրամադրված, պահանջելու են հանդիպում բացառապես վարչապետի հետ: Գրավատների ու փոխանակման կետերի սեփականատերերը խոստանում են անգամ կազմալուծել գործադիրի աշխատանքը, եթե վարչապետ Նիկոկոլ Փաշինյանը հրաժարվի դեմ առ դեմ հանդիպել իրենց հետ:

Պահանջելու են, որպեսզի կառավարության ղեկավարն անձամբ իջնի հրապարակային հանդիպման և բոլոր տնտեսվարողների հետ բացեիբաց խոսի լրագրողների ներկայությամբ:

Ակնկալում են, որ վարչապետ Փաշինյանն այլևս չի թաքնվի իր տեղակալների կամ այլ ներկայացուցիչների ետևում, գրեթե վստահ են, որ, եթե դեմ առ դեմ հանդիպումը կայանա, ապա Փաշինյանը լիովին կտիրապետի իրավիճակին ու տեղում լուծումներ կտա:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս