Վարչապետի օգնականի զանգը հիասթափեցրել է տնտեսվարողներին. գրավատների համար բողոքի ակցիան կշարունակվի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն այսօր զանգահարել է գրավատների ու փոխանակման կետերի գործունեությամբ զբաղվողներին և հայտնել է, որ Կառավարությունում ավարտվել են տնտեսվարողների առաջարկությունների շուրջ խոստացված քննարկումները, իսկ պատասխանը հիասթափեցնող է:
Կառավարության պաշտոնյան հայտնել է, որ Կենտրանական բանկի (ԿԲ) ներկայացուցիչը միանգամից մերժել է տնտեսվարողների կողմից ներկայացված՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություներ առաջարկող նոր օրենսդրական նախագծում ներառելու մասին առաջարկը:
Հիշեցնենք, վերջին երկու շաբաթների ընթացքում գրավատների ու տարադրամի փոխանակման գործունեություն իրականացնողները մի քանի անգամ բողոքիցույցեր են անցկացրել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով, որպեսզի կառավարությունը հիմնավորի աստղաբաշխական թվերի հասնող հարկման նոր շեմի մասին իր որոշումը և խնդրահարույց օրինագծի շուրջ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ Ֆինանսների նախարարություն-ԿԲ-տնտեսվարողներ, համատեղ քննարկում նախաձեռնի կառավարությունում:
Խոսքը ԿԲ-ի կողմից կառավարություն բերած օրենսդրական փոփոխության մասին է, որով առաջարկվում է գրավատների համար ներկայիս 100.000 դրամ պետտուրքը դարձնել 6 մլն դրամ, փոխանակման կետերի համար սահմանված՝ 50.000-ի փոխարեն այսուհետ գանձել 3 մլն դրամ: Այս բարձրացող պետտուրքի պայմաններում մինչև 360 տնտեսվարող հայտնվում է անելանելի վիճակում, և որպեսզի դրանք չփակվեն ու դրա հետևանքով ձեռնարկատերերը, աշխատողները գործազուրկ չդառնան՝ առաջարկվել էր փոփոխություններում հաշվի առնել նաև իրենց տեսակետը:
Սակայն ուրբաթ օրը տեղի ունեցած հանդիպման ժամանակ անտեսվել է 360 տնտեսվարողի համատեղ մշակած փաթեթը, նորից առաջ է մղվել բանկերի շահերն ամրապնդող ԿԲ-ի մոտեցումը:
Պարզվում է՝ կառավարությունում ուրբաթ օրը հրավիրած քննարկմանը ժամանակ տնտեսվարողներից որևէ մեկը ներկա չի եղել, և Նաիրի Սարգսյանն է լիազորվել հանդես գալ մի քանի հարյուր տնտեսվարողի շահերից ու ներկայացնել նրանց առաջարկությունների փաթեթը: Իսկ քննարկմանը ներկա չինովնիկական կորպուսը նույնիսկ հարկ չի համարել անդրադառնալ վարչապետի վստահորդի հաղորդած տվյալներին:
ԿԲ-ն ատամներով պահել է իր օրինագիծը՝ հայտարարելով, որ առաջարկը հիմնավոր է, ու քննարկման ենթակա նյութ չի տեսնում: Իսկ բողոքող տնտեսվարողներին առաջարկվել է բողոքի ակցիան տեղափոխել խորհրդարանական դաշտ, քանի որ խնդրահարույց նախագիծն ուղարկվել է ԱԺ, և շուտով խորհրդարանական լսումներ կսկսվեն:
168.am-ի հետ զրույցում ակցիայի կազմակերպիչներից Մհեր Գևորգյանը տեղեկացրեց, որ կառավարությունում իրենց խնդրի շուրջ անցկացված անպտուղ քննարկումների մասին տնտեսվարողներին այսքանն է հայտնի:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից առանձնապես սպասելիքներ չունեն: «Դեռ անցած շաբաթ ակցիայի ժամանակ մեզ հանդիպած ԱԺ փոխնախագահը չխորշեց խոստովանել, որ ինքն այդ ամենից գլուխ չի հանում՝ ասաց՝ ես լեզուներ գիտեմ, փողերից ինձ հարցեր մի տվեք, ու միջնորդեց, որ այդ անարդյունք հանդիպումը «դլյա գալոչկի» կառավարությունում կայանա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսվարողներից մեկը:
Տնտեսվարողները հիասթափված են գործադիրի վարքագծից:
«ԿԲ-ն համարձակ քայլերով իր համար սելեկտիվ կառավարման դաշտ է ստեղծում, որպեսզի մեկ զանգով կարողանա ֆինանսական ոլորտի շարժը որոշել, իսկ կառավարությունում, որ այդքան Եվրամիության ականջները շոյելով՝ գրանտների համար ՓՄՁ շահերից են խոսում, հնազանդորեն ենթարկվում են ԿԲ-ի խաղի կանոններին:
ԿԲ-ն գնում է դաշտը խոշորացնելուն, իսկ գործադիրի ու օրենսդրի անդամներն այդ ամենը իբր չեն տեսնում»,- այսպիսի կարծիք է հայտնում մեկ այլ տնտեսվարող:
Վաղը տնտեսվարողներին կլսեն խորհրդարանում՝ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում:
Կառավարության առաջարկած փոփոխությունը մերժող տնտեսվարողները վստահեցնում են, որ չեն նահանջելու, խոստանում են միահամուռ ուժերով ակցիաները շարունակել նաև խորհրդարանի տարածքում:
Նրանք ուզում են հավատալ, որ, եթե 2010 թվականին՝ ՀՀԿ-ի իշխանության օրոք, կարողացան այս նախագծին դիմադրել, ուրեմն հիմա էլ այն տապալելու շանսեր ունեն:
Սյուզի Բադոյան