Բաժիններ՝

ԿԽՄԿ-ն ցանկանում է երկարաձգել ՀՀ ԱԻՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մարտի 25-ին ընդունել է Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քլեյ Մեյթրոնին:

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման նպատակն էր քննարկել համատեղ կյանքի կոչված ծրագրերը և հետագա համագործակցության ուղիները: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակության դերակատարությունը և երկու կառույցների միջև համագործակցությունը՝ որպես քաղաքակրթական բարձր արժեքների պահպանմանն ուղղված կարևոր և անհրաժեշտ գործունեություն:

Երկկողմ համագործակցության համատեքստում ԱԻ նախարարն ընդգծեց ԿԽՄԿ-ի և ԱԻՆ-ի միջև իրականացված ծրագիրը՝ շնորհակալություն հայտնելով պատվիրակությանը կատարված ծավալուն աշխատանքի և զգալի ջանքերի ներդրման համար:

Ֆելիքս Ցոլակյանը առաջարկեց չսահմանափակվել նախորդ տարիներին կատարված աշխատանքով և առաջարկեց ապահովել ծրագրերի շարունակականություն, փոխգործակցության ակտիվացում և խորացում:

Նախարարը Քլեյ Մեյթրոնին տեղեկացրեց, որ պատրաստվում է օրենքի նախագիծ, որը կսահմանի թե ինչ է աղետը, կհստակեցնի պետական գերատեսչությունների հասցեական պարտականությունները, կսահմանի համապատասխան պաշտոնյաների պատասխանատվությունը:

Նախատեսվում է նաև քաղպաշտպանությունն առանձնացնել Փրկարար ծառայությունից: Ըստ Ֆելիքս Ցոլակյանի՝ նմանօրինակ օրենսդրական կարգավորումների հարցում Հայաստանը կօգտվի Կարմիր խաչի օրինակելի փորձից:

Քլեյ Մեյթրոնը, շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, ցանկություն հայտնեց երկարաձգել ԱԻՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետը և խորացնել համագործակցությունը տարբեր ուղղություններով:

ԿԽՄԿ պատվիրակության հայաստանյան գրասենյակի ղեկավարը Ֆելիքս Ցոլակյանին նվիրեց մարդու իրավունքների Ժնեևյան կոնվենցիայի հայերեն թարգմանությունը և առաջարկեց ԿԽՄԿ փորձի փոխանակում՝ օրենսդրության բարելավման, մարդու հիմնարար ազատությունների ապահովման հարցերում:

Քլեյ Մեյթրոնը նաև իր երախտագիտությունը հայտնեց ԱԻՆ-ին երկրաշարժի ժամանակ մարդու ապահով վարքագիծ դրսևորելու հարցում ուսուցողական գործընթացին աջակցելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս