Քաղբանտարկյալները վերակենդանացնո՞ւմ են ՀԱԿ-ին
Հուլիսի 27-ից Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) վերսկսել է բողոքի ակցիաները ՀՀ Գլխավոր դատախազության շենքի առջև` այդպիսով վերականգնելով յուրաքանչյուր ուրբաթ օր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով ակցիաների կազմակերպման ավանդույթը: 2008 թվականից սկսած, ՀԱԿ-ի ակտիվիստներն ամեն ուրբաթ բողոքի ակցիա էին կազմակերպում Դատախազության շենքի առջև`պահանջելով ազատ արձակել այդ ընթացքում ձերբակալված քաղբանտարկյալներին: Վերսկսված բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են անհապաղ արդարացնել Կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին և ազատ արձակել Տիգրան Առաքելյանին, ով գրեթե մեկ տարի գտնվում է անազատության մեջ: ՀԱԿ-ի չորս երիտասարդ ակտիվիստներն անցած շաբաթ Երևանի Կետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռով դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկման: Երիտասարդ ակտիվիստների նկատմամբ կայացված վճիռները ոչ միայն համարժեք չեն, այլև անհեթեթության են հասնում` նրանց իսկապես դարձնելով քաղբանտարկյալներ: Դատարանի կայացրած այս վճռին տրամաբանության շրջանակներում դժվար է որևէ բացատրություն գտնել: Գնահատականները, որ այսպիսով դատարանը ցանկացել է հաճոյանալ իշխանությանը, կամ` որ իշխանությունը նման կերպ փորձում է ՀԱԿ-ին վախեցնել ու ճնշել, եթե նույնիսկ տեղին են` ամբողջությամբ չեն արտահայտում երևույթի բոլոր կողմերը:
ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու համար պետք է պայքարի ոչ միայն ՀԱԿ-ը, այլև մնացած բոլոր` իրենց առողջ համարող ուժերը: Դա ոչ միայն նեղ կուսակցական կամ հատվածական խնդիր է, այլև համապետական: Մի քանի տարի շարունակ քաղբանտարկյալներ ունեցող երկրի արատավոր պիտակից ազատվելուց հետո հերթական անհեթեթ դատավճռի պատճառով Հայաստանում կրկին քաղաքական դրդապատճառներով մարդիկ են ազատազրկվում:
Մյուս կողմից, եթե մի պահ վերանանք մարդկային հարթությունից, որում իսկապես երիտասարդ տղաների անազատության ամեն մի օրը դժբախտություն է, դժվար է չնկատել, որ քաղբանտարկյալների առկայությունը կարծես ՀԱԿ-ին վերակենդանանալու հնարավորություն է տալիս: Անցած տարվա աշնանից սկսած, երբ ՀԱԿ-ն իր գործունեությունը պայմանավորեց ԲՀԿ-ով, Կոնգրեսի գնահատման նշաձողը զգալիորեն իջավ: Խորհրդարանական ընտրություններին նախորդող ու հաջորդող ժամանակահատվածում ԲՀԿ-ի հետ համագործակցությունը ՀԱԿ-ին գրեթե ամբողջությամբ տեղափոխեց կուլիսային, ինտրիգային քաղաքականության դաշտ: Բնականաբար, դա չէր կարող չազդել ՀԱԿ-ի ոչ միայն ներքին, այլև արտաքին հեղինակության վրա: Մի բան է, երբ իրեն արմատական համարող ընդդիմադիր ուժը պայքարում է իշխանական համակարգի ուժերից մեկի հեղինակության համար, և բոլորովին այլ է, երբ պայքարն ուղղված է մարդու իրավունքների, ազատությունների վերականգնմանը: Վերականգնելով քաղբանտակյալների ազատության համար ամենշաբաթյա բողոքի ակցիաները` Կոնգրեսը, փաստորեն, հնարավորություն է ստանում վերականգնել նաև սեփական` քաղբանտարկյալների ազատության համար պայքարող ուժի կերպարը: Ակնհայտ է, որ որքան երկարաձգվի այդ գործընթացը, այնքան ավելի մեծ կլինի ՀԱԿ-ի` նախկին կարգավիճակին վերադառնալու հնարավորությունը: Բնականաբար, ՀԱԿ-ում ոչ միայն չեն համաձայնի նման տեսակետների հետ, այլ դրանք կորակեն` որպես դավաճանական և ծախու: Բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում: Հատկապես, եթե հիշենք, որ անցած տարվա աշնանային հանրահավաքների շրջանում, երբ դեռ ամբողջությամբ սպառված չէր իշխանության հետ երկխոսության ռեսուրսը, ՀԱԿ-ն առանձնապես հետևողական չէր նույն Տիգրան Առաքելյանին որպես քաղբանտարկյալ ներկայացնելու գործում, թեև վերջինս անազատության մեջ է գտնվում 2011 թվականին օգոստոսի 9-ից:
Լուսանկարը՝ aravot.am-ի