Բաժիններ՝

Սոցիալական ցանցերը նո՞ւյնպես արգելափակելու են, որ շահումով խաղերը չտեսնեն

Կառավարությունը փետրվարի 28-ի նիստում ընդունեց «Վիճա­կա­խաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ  օրենսդրական նախաձեռնությունը։ Հեղինակներն են ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Սիփան Փաշինյանը, Նաիրա Զոհրաբյանը:

Նախագիծն ունի հետևյալ սահմանումը. արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերի մասնակցության հնարավորության ստեղծումը, ինչպես նաև .հայ և .am դոմենային տիրույթում խաղերի գովազդումը:

«Այստեղ կան որոշակի հարցեր, որոնք, չգիտեմ՝ ինչպե՞ս են լուծվելու: Ովքե՞ր են տալիս հասանելիության հնարավորություն, մեր կարծիքով՝ հեռահաղորդակցության օպերատորները, որովհետև առանց էլեկտրոնային հաղորդակցության օպերատորների՝ որևէ արտասահմանյան խաղասրահ օնլայն հնարավոր չէ մտնել: Նույնը նաև ՀՀ տարածքում գտնվող օնլայն խաղասրահների դեպքում:

Հիմա, պետք է հասկանանք, թե ո՞վ է վերահսկելու այս արգելքը, և ո՞վ է տալու այն ցուցակները, որոնք ասելու են, որ այս կամ այն հասցեն իրենից խաղասրահ է ներկայացնում: Օպերատորը երևի չպետք է այդ գործով զբաղվի, որովհետև ո՛չ մեր էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում, ո՛չ միջազգային համաձայնագրերում օպերատորները նման գործառույթ չունեն: Ոչ մի կերպ չի նախատեսվում, որ օպերատորը կարող է ֆիլտրել կամ արգելափակել հասանելիությունը, հակառակը, ինչոր իր ցանցով անցնում է՝ պարտավոր է պահպանել խիստ գաղտնի: Նշանակում է՝ պետք է ստեղծել մի կազմակերպություն կամ մի բաժին, որը որ պետք է վարի արգելված կայքի հասցեների ցանկը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը՝ հավելելով, որ, եթե անգամ նման կառույց ստեղծվի, ներկայացնի ցուցակներ, այսօրվա տեխնոլոգիաներն առանց որևէ դժվարության թույլ են տալիս շրջանցել բոլոր արգելքներն ու միանալ ցանկացած օնլյան խաղասրահի:

Կարդացեք նաև

«Մեկ ուրիշ վտանգ էլ կա. քանի որ խաղասրահների գործունեությունը ՀՀ-ում լիցենզավորվում է, որի համար վճարում են, մյուսներն էլ կարող են այդպես անել: Մեզ մոտ հեռախոսակապը լիցենզավորվում է, բայց մենք ունենք չլիցենզավորված մի շարք կազմակերպություններ՝ Skype, Viber, որոնք մատուցում են նմանատիպ ծառայություններ, շատ դեպքերում Viber-ով ենք խոսում, որպեսզի րոպեավարձ չվճարենք: Սրանք էլ կարող են դիմել, ու ասել՝ եթե խաղասրահները լիցենզավորում եք, հետո արգելափակում, ապա Skype-ն էլ արգելափակեք, որովհետև ՀՀ-ում առանց լիցենզիա է գործում: Ավելին՝ որոշ սոցիալական ցանցեր թույլ են տալիս, որ լինեն շահումով խաղեր, հիմա անհրաժեշտ է սոցիալական ցանցը նո՞ւյնպես արգելափակել»,- նկատեց Գրիգոր Սաղյանը:

Նրա փոխանցմամբ՝ ոչ մի երկրում արդյունավետություն չի նկատվել արգելափակումների միջոցով իրենց ուզածին հասնելու գործում: Ամենավառ օրինակը Չինաստանն է:

«Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահը նշում է՝ այս օրենքն առաջին նախաձեռնությունն է, որն իրավաբանորեն տարանջատում է կիբեռտարածությունը Հայաստանի կիբեռտարածությունից:

«Փաստորեն՝ հայկական կիբեռտարածքը դառնում է անջատված: Սա կարող է բացասական հետևանքներ ունենալ, որովհետև առ այսօր նման սահման չկար: Չինաստանն է առանձնացրել, Ռուսաստանն ու Իրանն են փորձում անել այդպես, արաբական որոշ երկրներ, բայց առանց որևէ հաջողության: Կարելի է աշխատել հայտնի խաղասրահների հետ, համագործակցել, ասել, որ լիցենզավորման վճարները կատարեն, և ոչ մի սահմանափակում չի լինի»,- նշեց Գրիգոր Սաղյանը:

«Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահն ասաց, որ կարևոր է հանրային քննարկումների կազմակերպումը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս