«Մի կուսակցության կոճակ սեղմողներին փոխեցինք մեկ այլ կուսակցության կոճակ սեղմողներով»
Մեր զրուցակիցն է Հայ Հեղափոխական Դաշնակցության Լոռու մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
– Խոսենք հետհեղափոխական, հետընտրական քաղաքական վերադասավորումների մասին: Ինչ ունենք այս պահին. մերժված Սերժ Սարգսյան, կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյան, խորհրդարան ներկայացնող երեք քաղաքական կուսակցություններ և արտախորհրդարանական ուժերը: Ով ինչով է զբաղված այս պահին, ով ինչքանով է մասնակցում քաղաքական գործընթացներին, հատկապես արտախորհրդարանականները:
– Անկեղծ ասած, այն, որ պետք է «Իմ քայլը» այդքան մեծ տոկոսով հայտնվեր Ազգային ժողովում, ես դրա մեջ կասկած չունեի, որովհետև դեկտեմբերյան հապշտապ ԱԺ ընտրությունները հենց այդ նպատակն ունեին, և մեկ ամիս, երկու ամիս ուշացումը տոկոսային ներկայացվածության նվազեցում պետք է բերեր, հետևաբար՝ հապշտապ, ափալ-թափալ ընտրությունների իրենց ձգտումը արդարացված էր իրենց համար և, ըստ էության, սպասելի էր: Սպասելի էր, որ «Բարգավաճ Հայաստանը» նորից ներկայացված կլինի, անկեղծ ասած, Հայ Հեղափոխական Դաշնակցության և Հանրապետական կուսակցության ԱԺ-ում չներկայացվածությունը ինչ-որ տեղ նաև սպասելի էր: Գիտեք, հիմա, շատ ներողություն, եթե նույնիսկ այսօր լինեի պատգամավոր, այնտեղ այդ թիմի հետ ոչինչ չէի կարողանալու անել:
Այսօրվա ներկայացված Ազգային ժողովում հնարավոր չէ որևէ դրական փոփոխության հասնել, որովհետև ունենք 70 տոկոս սահմանադրական մեծամասնություն, իսկ դա, բնական է՝ ենթադրում է բոլոր հնարավոր-անհնար պատկերացրած օրենքների միակուսակցական որոշում: Միակուսակցականը ես շատ նուրբ եմ ասում, միանձնյա որոշում, որովհետև մենք շատ լավ գիտենք, հանրությունը բազմիցս արդեն զգացել է, որ որոշում կայացնողը մեկ անձն է, մնացածը ընդամենը կոճակ սեղմող են: Եվ դեռ ավելին, մենք ունենք երիտասարդ պատգամավոր, որը բարձրաձայն էլ հայտնեց, որ նույնիսկ, եթե կառավարության ծրագրում լիներ՝ ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու, իրենք կողմ էին քվեարկելու: Իսկ դա ակնհայտ ապացույցն է այն բանի, որ այսօր չունենք իրավիճակ վերլուծելու, օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու ցանկություն ունեցող Ազգային ժողովի պատգամավորներ: Արդյունքում՝ ստացանք, որ, եթե խնդիրը ՀՀԿ-ի կոճակ սեղմող պատգամավորներին փոխելն էր, ապա մի կուսակցության կոճակ սեղմողներին փոխեցինք մեկ այլ կուսակցության կոճակ սեղմողներով: Ցավոք սրտի, ունենք այդ իրավիճակը, որը պետք է արձանագրենք:
Արտախորհրդարանական ուժերը սկսել են ակտիվ վերլուծել գոնե կառավարության ներկայացված ծրագիրը: Ամեն դեպքում, այդ վերլուծությունները, քննարկումները բերում են մի բանի, որ հանրությունը տեղեկացված է՝ ինչ ծրագրով է հանդես եկել նոր կառավարությունը, բացերը, հնարավոր հետևանքները: Դա ինչ-որ իմաստով դրական է, բայց, ցավոք սրտի, միայն այդ դրական տեղաշարժն է, որ այսօր ունենք մեր երկրում: Ես շատ կցանկանամ, որ մենք ունենանք դրական փոփոխություններ, իմ ելույթներում շատ եմ ասել` կուզեմ մի օր գամ-ասեմ՝ ես սխալվել եմ, բայց հույս չունեմ, որ գալու է այդ օրը: Իմ ելույթներում քննադատել եմ և՛ մայիսից հետո գործող կառավարության գործունեությունը, և՛ իրավիճակը, ցավով եմ նշում՝ իմ բոլոր մտահոգությունները այսօր ապացուցվում են գործող իշխանությունների կողմից, և այդ բոլոր մտահոգությունները այսօր դարձել են հանրության մտահոգությունը:
– Տիկին Կյուրեղյան, բայց մի՞թե հնարավոր էր այլ իրավիճակ՝ Ձեր մատնանշած սահմանադրական մեծամասնության պարագայում:
– Այս պահին՝ արդեն ոչ, բայց մինչ այդ Դաշնակցությունը, ես ինքս, որ պատգամավոր էի, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ առաջարկում էինք որոշակի օրենսդրական փոփոխություններ, որոնք կսահմանափակեին այս սահմանադրական մեծամասնության կայացումը Ազգային ժողովում: Առաջարկում էինք յուրաքանչյուր կուսակցության ձայների մեծամասնության 2/3-ը իջեցնել մինչև 3/5, ընդհուպ ես կառավարությանը ասում էի՝ լավ, չեք ուզում 3/5, 2/3-1, 2/3-2, այսինքն՝ այդ մեծամասնությունը չամրագրվեր, բայց դեմ էին: Եվ բնական է, որ չէին ուզում, որովհետև սա տանում է սուպերվարչապետական համակարգի առավել ամրապնդման: Այն ժամանակ ես մեծ քննադատությունների էի ենթարկվում իմ այդ նախադասության համար: Հիմա փաստը մնում է փաստ, որ ես ճիշտ դուրս եկա:
Այսօր ոչ միայն սուպերվարչապետական կառավարման համակարգի մեխանիզմներից չեն ուզում հրաժարվել, այլև դեռ ավելին, օր օրի նոր սուպերվարչապետություն է ամրագրվում. Սփյուռքի նախարարության լուծարումը և առանձին կոնկրետ անձի նշանակումը, որը արդեն վարչապետի ենթակայության տակ պետք է աշխատի, արդեն սուպերվարչապետության ամրացում է, այսինքն՝ ստացվում է, որ այդ մեկ լիազորված անձը, ով պետք է սփյուռքի հարցերով զբաղվի, նշանակվելու է և աշխատանքից ազատվելու է վարչապետի կողմից, այսինքն՝ հրահանգավորվելու է վարչապետի կողմից: Բա ուր մնացին Կառավարության՝ մայիսին ներկայացված ծրագրի խոստումները, չէ որ Կառավարությունը այն ժամանակ որոշակի խոստումներ էր տվել, և հիմնական կետերը՝ սուպերվարչապետական մեխանիզմից ազատումը, ուժային կառույցների՝ վարչապետի ենթակայությունից Ազգային ժողովի ենթակայության տակ բերելն էր: Ուր մնացին այդ խոստումները: Կետերից մեկն էլ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը և նոր Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալն էր: Ընդ որում, ենթադրվում էր որոշակի ողջամիտ ժամանակահատվածի տրամադրում հանրությանը, կուսակացություններին, որպեսզի մարսեին այդ փոփոխությունները:
Եվ երբ Ընտրական օրենսգիրքը չանցավ, ամբողջ հանրությունը, ամբողջ մամուլը, ամբողջ կառավարությունը մեղադրեցին դաշնակցական այն երկու պատգամավորներին, չնայած ոչ մեկը Դաշնակցության հետ պայմանավորվածություն ձեռք չէր բերել, որ մենք պետք է մեր 7 հոգով ներկայացնեինք, մենք պարզապես մեր կողմից հայտարարել էինք, որ կողմ ենք, ըստ էության, մեր 5-ն էլ իրենց համար պլյուս էր, իրենք հայտարարել էին, որ ունեին 63 ձայն, բայց չկարողացան ապահովել իրենց 63-ը: Եվ մեր պլյուս 5-ն էլ հաշված՝ փաստորեն, իրենք իրենց ձայները չապահովեցին: Իսկ այսօր ես հստակ կարող եմ ասել՝ տեսաք, որ իրենք չէին ուզում, որ այդ Ընտրական օրենսգիրքը անցներ: Եթե ուզենային այն ժամանակ, գոնե այսօր կառավարության ծրագրում որևէ կերպ կամրագրեին Ընտրական օրենսգրքի փոփոխության մեխանիզմները, բայց այդ մասին ոչ մի բառ, ոչ մի խոսք: Սա ամենավառ ապացույցն է, որ այն ժամանակ իրենք արդեն չէին ուզում Ընտրական օրենսգրքի փոփոխություն, և ընդամենը Դաշնակցության այդ երկու բացակայությունը իրենց համար առիթ էր:
– Լևոն Տեր–Պետրոսյանի վերջին առաջա՞րկն ինչպես կգնահատեք՝ մեկ տարի անց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նախաձեռնելու և կառավարման կիսանախագահական համակարգին անցնելու վերաբերյալ:
– Երբ որ Նիկոլ Փաշինյանը վարչապետության թեկնածու էր, ինքը հանդիպեց բոլոր խմբակցությունների հետ, այդ թվում՝ մեր խմբակցության հետ, և ես ինքս անձամբ հարցրել եմ նրան՝ պարոն Փաշինյան, դուք անընդհատ խոսում եք կառավարման համակարգի փոփոխություններից, կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններից, հանկարծ չլինի թե ձեր մտքում կա կառավարման համակարգը դեպի հետնահանջ՝ կիսանախագահական, նախագահական տանելու փոփոխությունը, հո այդպիսի մտադրություն չունե՞ք: Ես այդ հարցը տվել եմ մայիսին՝ մինչև իր վարչապետ ընտրվելը, և պարոն Փաշինյանը ինձ անձամբ պատասխանել է, որ ոչ, նման մտադրություն ինքը չունի: Բայց, ցավոք սրտի, ես այդ մտահոգությունը այսօր նորից եմ տեսնում: Եթե ուրիշ խոստումները Փաշինյանը չի կատարել, ինչով համոզված լինեմ, որ այս մի խոստումը պետք է կատարի:
– Իսկ Լևոն Տեր–Պետրոսյանի նկրտումները որո՞նք են: Սրանով Փաշինյանի իշխանությանն է լավություն անո՞ւմ, թե՞ սեփական ճակատագրով է մտահոգ ԼՏՊ–ն: Ի՞նչ խնդիր է նա սրանով փորձում լուծել:
– Միգուցե իրենք իրենց ծրագիրն են դեռ շարունակում: Շատ վատ կանխատեսում է, բայց միգուցե այն նույն ծրագիրն է՝ 90-ականների: Իրենք 20 և ավելի տարիներ անընդհատ աշխատել են այդ ծրագիրը կյանքի կոչելու, այն ժամանակ առաջին դեմքը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, այսօր միգուցե այդ ծրագրի իրականացման առաջին դեմքը Փաշինյանն է, որը նույն մոտեցումներն ունի, չեմ կարող ասել:
– Չե՞ք բացառում Փաշինյանի դեմքով՝ Լևոն Տեր–Պետրոսյանի հնարավոր վերադարձը:
– Ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի, այլ լևոնտերպետրոսյանական միջավայրի: Ես մաթեմատիկոս եմ, ոչ մի բան ոչ մի անգամ չեմ կարող բացառել, իսկ որ ասեմ՝ հնարավոր չէ, նման բան չեմ կարող ասել, որովհետև, ցավոք սրտի, որոշակի օրինաչափություններով այդ ամեն ինչը տանում է այդ նույն տարիների մոտեցումներին: Այսօրվա կադրային քաղաքականությունը նայենք, տեսնենք՝ ինչ կադրերով է համալրվում կառավարությունը. կամ նախկին ՀՀՇ-ական, կամ նրանց մոտեցումները կիսող կադրեր շատ են նշանակվել: Միգուցե նաև կադրային սով է, դրանից է, բայց կադրային սով հանրության մեջ չկա, իրենց կուսակցության ներսում կա:
– Նախկին շատ ՀՀԿ–ականներ էլ են կա՛մ մնում պաշտոններում, կա՛մ նոր նշանակումներ են արվում:
– Դրանք էլ ուրիշ մտահոգություններ են, որ չես կարող հասկանալ, թե ի վերջո այս շարժման հիմքերում ովքեր են, ինչ ծրագիր է դրված, որովհետև շարժումը ուներ մեկ նպատակ՝ մերժել Սերժին: Այդ ծրագիրը արդեն իրականացվել է, նպատակին հասել են, մնացածը իրենց համար էլ միգուցե անկանխատեսելի իրավիճակ էր, չէին էլ նախատեսել: Եվ այսօր դրա համար չունենք ծրագիր, չունենք թիմ, որ կկարողանա այդ ծրագիրն իրականացնել: Մենք անընդհատ քննադատում ենք ծրագիրը, բայց եթե ունենայինք մեր սպասված ծրագիրը, դա պետք է իրականացներ լավ կադրերով ձևավորված թիմը: Չկա այդ թիմը, իսկ այս թիմով ի՞նչ ծրագիր էինք ուզում: Բնականաբար, այս թիմն ու այս ծրագիրը համարժեք են:
– Վարչապետի արտահայտություններին էլ անդրադառնանք՝ աղքատությունը գլխում լինելու մտքին, դրանից առաջ էլ հանրության չաշխատող մասին ուղղված պիտակավորումներին՝ հատկապես Լոռու մարզի համատարած գործազրկության, աղքատության և արտագաղթի համապատկերում:
– Աստանայում նա հայտարարել էր, որ ունենք 800 հազար լոդր չաշխատող հայ, որոնք նախընտրում են նպաստ ունենալը՝ աշխատանք ունենալուց, և որոնք մորթում են իրենց կովերը, չեն գնում հեռուստացույց, որ նպաստից չզրկվեն: Ես իրեն հարցը տվել եմ, որ՝ ի՞նչ ի նկատի ունեք, ի վերջո, ինչպե՞ս կարելի էր գնալ դրսում՝ ներդրողների առաջ, հայտարարել, որ ունենք 800 հազար լոդր հայ, և ներդրողներին կոչ անել ներդրումներ բերել Հայաստան: Եվ եթե սպասում է իր ներդրումներին, երբ են գալու, չէ՞ որ մայիսից մենք միայն խոստումներ ենք լսել: Նա ինձ ասաց՝ ներդրումը հո պատրաստի գումար չէ՝ «բարձի տակ դրված», որ հանեն ու բերեն, դրա համար որոշակի միջավայր է պետք, ժամանակ է պետք, վստահություն է պետք:
Իսկ իր այս ծրագիրը առաջացնո՞ւմ է այդ միջավայրն ու վստահությունը, իհարկե ոչ, որովհետև որևէ կերպ չի նկարագրվել այն միջավայրը, որը կնպաստեր ներդրումների հոսքին Հայաստանում, որևէ կերպ չի ամրագրվել այնպիսի հարկային, մաքսային քաղաքականություն, չեն ամրագրվել խնդիրների այնպիսի լուծումներ, որոնք ներդրումների հոսք պետք է բերեն Հայաստան: Եվ ընդհակառակը, նա միշտ խոսել է աշխատատեղերի կրճատման մասին: Վաղուց բացահայտ հայտարարում են հարյուր հազարից ավելի համայնքային և քաղծառայողների կրճատման մասին, տասը հազար ուսուցիչների կրճատման մասին, և օր օրի ապացուցում են իրենց քայլերով, հայտարարություններով, որ այդ ծրագիրը իրականացնելու են:
Մեր Լոռու մարզում հանքարդյունաբերության կրճատման ակնհայտ փաստ ունենք: Թեղուտը մի քիչ ավելի շուտ, հետո՝ Ալավերդին: Այդ մարդկանց նոյեմբերին հայտարարվեց, որ արդեն հայտնվել է մեկ ներդրող, եկել է ծանոթանալու և ուղիղ մեկ ամիս հետո սկսելու է աշխատանքը: Երբ ԱԺ-ում ուղղեցի այդ հարցը՝ ինչ է սպասվում, նրանք պատասխանեցին, որ ներդրողին պետք է ժամանակ մեկ ամիս, որ ծանոթանա, իրավիճակը վերլուծի, և սկսելու է արտադրության վերականգնումը: Չգիտեմ՝ ինչ չափման միավորներով են իրենք մեկ ամիսը չափում, միգուցե իրենց չափման միավորով մեկ ամիսը հանգում է տասը տարվա հետ մեր, չգիտեմ, բայց այսօր ոչ մի նոր բան դեռ չկա: Ավելին, խոսքը չի գնում միայն այդ 630 աշխատողների կրճատման մասին, այդ 630-ը Ալավերդու տարածաշրջանում ապահովում էր ծառայություններ մատուցողների աշխատանքը, հազար ու մի գործառույթներ իրականացնողների աշխատանքը:
Չունեն 630-ը աշխատավարձ, չկան ծառայություններից օգտվողների համար վճարողներ, հետևաբար՝ այդ ծառայություններ մատուցողների աշխատանքն էլ է արդեն օդից կախված, նրանք էլ են գործազուրկ դառնում: Ամեն ինչ նույնն է, նույն ձևով մարզպետարաններում կրճատումներ, համայնքային ծառայողների մեջ են կրճատումներ սպասվում, ուսուցիչների շրջանում, ՊՈԱԿ-ներում: Մարդիկ արդեն զգուշացված են, որ մարտի 31-ի դրությամբ չեն ունենալու աշխատանք: Ես կուզեի, որ բացատրություններ տային այդ մտքերն արտահայտողները՝ ինչ են հասկանում՝ «աղքատությունը գլխում հաղթահարել» ասելով, եթե մարդը չունի իր առօրյա հացի խնդիրը լուծելու հնարավորություն:
Եվ երբ որ հարցնում եմ՝ այդ կրճատումներից հետո մարդիկ ինչ են անելու, ասում է՝ թող գնան մասնավոր սեկտորում աշխատեն: Այսի՞նքն: Ի՞նչ մասնավոր գործ պետք է սկսի մարդը, եթե չունի ֆինանսական հնարավորություն այդ գործը անելու, վարկային քաղաքականությունը այնպիսին է, որ բիզնես վարկ տրամադրում են միայն այն քաղաքացուն, ով արդեն գործող բիզնես ունի, արդեն գործ ունի: Իսկ դու ուսուցչին կրճատում ես, ասում ես՝ գնա բիզնեսով զբաղվիր, քաղծառայողին կրճատում ես, ասում ես՝ գնա բիզնեսով զբաղվիր, ի՞նչ բիզնեսի մասին է խոսքը այս դեպքում: Եթե, ի վերջո, այդ ամենն իսկապես պետք է արվեր, գոնե ժամանակ էր պետք, որ մարդիկ իրավիճակը գնահատեին, հասկանային, որ ուղղությամբ կարող են մասնավոր գործ սկսել, կարող են, թե չեն կարող:
Պարզապես կարող եմ ասել, որ իրենք ամեն կերպ պետության ուսերից թոթափում են իրենց պատասխանատվությունը, միայնումիայն, որ վաղը-մյուս օրը դրա մեղքն էլ գցեն հանրության վրա. դուք եք մեղավոր, ձեր ուղեղում չկարողացաք հաղթահարել աղքատության գաղափարը, դրա համար էլ ապրում եք աղքատ: Ընդամենը պատասխանատվությունից խուսափելու շատ լավ ձև է: Մինչև մեր քաղաքացին չդառնա պահանջատեր, փոփոխություններ չենք ունենալու:
Պահանջ ձևավորվեց Սերժ Սարգսյանի հեռացման, միասնական պահանջ ձևավորվեց, արտահայտվեց և իրականացվեց: Այս պահին ունենք ընդամենը իշխանափոխություն. մի խմբին փոխարինեց մեկ այլ խումբ: Մոտեցումների, առավել ևս՝ պետականամետ շինարարության կողմնակիցների մուտք ես չեմ տեսել ոչ կառավարությունում, ոչ Ազգային ժողովում, այնպես որ, իմ հույսը էլի մեր հանրությունն է: Կունենանք պահանջատեր հասարակություն, որը կպահանջի այսօրվա կառավարությունից՝ իսկապես ի նպաստ երկրի, պետականության հզորացման աշխատելու, կունենանք այդպիսի կառավարություն, չենք ունենա նման պահանջատեր հասարակություն, ոչ մի փոփոխություն էլ չենք տեսնի:
Ադրինե Թորոսյան