Բաժիններ՝

Երևանի մետրոպոլիտենը 38 տարեկան է

Երևան քաղաքի խորհրդանիշներից  մեկը` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ը, 38 տարեկան է։ Այս մասին հայտնում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը:

1966-1970 թվականներին մեր մայրաքաղաքի համար ամենահրատապ հարցերից էր մարդատար տրանսպորտի շուտափույթ կարգավորումը: Խնդիրը պայմանավորված էր այդ տարիներին բնակչության աճի աննախադեպ տեմպով:

1962-1964 թվականներին մշակված Երևանի նոր հատակագծի համաձայն` մետրոպոլիտենի միջոցով ազգաբնակչության տրանսպորտային սպասարկումն ամենաարդյունավետն էր դիտվում և համապատասխանում էր մայրաքաղաքի զարգացման հեռանկարին:

Ի պատիվ Հայաստանի և մեր մայրաքաղաքի այն ժամանակվա իշխանությունների՝ 1971 թվականին ստացվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարության թույլտվությունը, ապա 1977 թվականին նաև համաձայնություն տրվեց, որ այն վերափոխվի մետրոպոլիտենի շինարարության։

Առաջին հորատումներն սկսվեցին 1972 թվականին` Կասյան-Կիևյան փողոցների խաչմերուկում: Պայմանավորված Երևանի ընդերքի երկրաբանական բարդ կառուցվածքով և ստորգետնյա ջրերի առկայությամբ` մետրոյի գծի յուրաքանչյուր սանտիմետրի համար շինարարները համառ և անզիջում պայքար էին մղում, այդ իսկ պատճառով առաջխաղացման թափը զգալիորեն զիջում էր գոյություն ունեցող միջինին:

Մետրոպոլիտենը` շինարարական և ճարտարապետական տեսակետից բարդ կառույց լինելուց բացի, բարդ է նաև իբրև տրանսպորտային համակարգ. մինչև շահագործումը անհրաժեշտ էր հաշվի առնել նաև այս հանգամանքը և շինարարությանը զուգահեռ հարկ էր մտածել նաև մետրոպոլիտենը շահագործող կադրերի պատրաստման մասին: Երևանի մետրոպոլիտենի շահագործման առաջին իսկ օրից, տարբեր ծառայություններում մշտական աշխատանքի էին հրավիրվել նաև 40 հմուտ մասնագետ այլ մետրոպոլիտեններից:

Մետրոյի բացման արարողությունը տեղի է ունեցել 1981 թվականի մարտի 7-ին։ Հանդիսավոր այդ օրը շահագործման է հանձնվել 5 կայարան` «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Սասունցի Դավիթ», իսկ հետագայում արդեն` 1983 թվականին «Գործարանային», 1984 թվականին` «Շենգավիթ», 1986 թվականին` «Գարեգին Նժդեհի հրապարակ», 1989 թվականին` «Զորավար Անդրանիկ» և 1997 թվականին` «Չարբախ» կայարանները։

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն-ը ներկայումս ունի ավելի քան 12,1 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ, 10 կայարան, շահագործվում է 30 վագոն, 24 շարժասանդուղք, 8 քարշային ենթակայան և այլն:

Մետրոպոլիտենը տարեկան տեղափոխում է ավելի քան 15 մլն. ուղևոր: Այն տրանսպորտային միջոց լինելուց բացի, ունի նաև ռազմավարական նշանակություն: Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտի երթևեկության ներկա հիմնախնդիրներից զուրկ է մետրոպոլիտենը  և  պատահարների առումով` ամենահուսալին:

Ակնհայտ է, որ որպես մայրաքաղաքային հասարակական տրանսպորտային միջոց, այսօր զարգացման ամենաիրատեսական հեռանկարն ունի մետրոպոլիտենը, որովհետև լինելով արագ, անվտանգ, էկոլոգիապես մաքուր և հարմարավետ, այն լինելու է ապագայի տրանսպորտը:

Ներկայումս Երևանում իրականացվող զանգվածային բարեփոխումները, բարեկարգումներն ու ժամանակակից ոճով մայրաքաղաքի համար խիստ կենսական նշանակության կառուցապատումները, մեզ բոլորիս հույս ու եռանդ են ներշնչում, որ պահպանելով ու զարգացնելով աշխատանքային ներկայիս տեմպերը, շատ մոտ ապագայում կունենանք էլ ավելի բարեկարգ, հարմարավետ և ներկայանալի մայրաքաղաք, որը մեր բազմադարյա ու հնամենի Երևանին կհաղորդի տակավին երիտասարդ և ժամանակակից տեսք, ինչպես նաև լիահույս ենք, որ մետրոպոլիտենը ևս կընդլայնի իր գործունեության շրջանակները՝ յուր սպասարկման ոլորտ ընդգրկելով մայրաքաղաքի նորանոր տարածքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս