ՏՄՊՊՀ ցուցանիշներով նվազել են «Ալեքս հոլդինգի», «Քեթրին գրուպի», «Ֆլեշի» և այլ գերիշխողների մասնաբաժինները շուկայում

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ընթացիկ տարվա փետրվարին ամփոփել է  մի շարք ապրանքային շուկաների կառուցվածքի ուսումնասիրությունը և գնահատել դրանց կենտրոնացվածության աստիճանը: Համաձայն վիճակագրության, հաշվետու ժամանակաշրջանում մի շարք կարևոր ապրանքային շուկաներում զգալիորեն ավելացել է տնտեսվարողների թվաքանակը, ինչի արդյունքում նվազել են գերիշխող տնտեսվարողների մասնաբաժինները:

Եվ այսպես. Ընթացիկ տարվա փետրվարի դրությամբ շաքարավազի շուկայի մասնակիցների թիվը կազմել է 75 տնտեսվարող, բանանի շուկայինը՝ 28, ալյուրինը՝ 171: Ցորենի ներկրմամբ զբաղվում է 84 տնտեսվարող: Ավելացել է նաև բենզինի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողների թիվը՝ դառնալով 6:

ՏՄՊՊՀ ուսումնասիրություններով, նոր տնտեսվարողների մուտքը հանգեցրել է տվյալ շուկայում խոշորների տեսակարար կշիռների նվազման: Օրինակ, շաքարավազի ներմուծմամբ զբաղվող «Ալեքս հոլդինգ» ընկերության տեսակարար կշիռը կազմում է 78 տոկոս՝ նախորդ տարիների 95-ի փոխարեն: Նվազել է նաև բանանի շուկայում գերիշխող «Քեթրին գրուպ» ընկերության մասնաբաժինը՝ 57 տոկոսից դառնալով 30 տոկոս:  Կենտրոնացվածության աստիճանի նվազում է արձանագրվել նաև բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում, որտեղ «Ֆլեշ» ընկերության մասնաբաժինը նվազել է բենզինի մասով՝ 43-ից հասնելով 29 տոկոսի, իսկ դիզվառելիքի մասով՝ 51-ից դառնալով 29 տոկոս:

Մեր երկրում մրցակցային իրավիճակի փոփոխությունը արձանագրվել է նաև միջազգային կառույցների կողմից: Մասնավորապես, Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հաշվարկվող շուկաների կենտրոնացվածության ցուցանիշով Հայաստանը բարելավել է իր դիրքը 9 կետով՝ 28-րդ հորիզոնականից առաջ գալով և հասնելով 19-ի, ինչը նշանակում է, որ այս ցուցանիշով մեր երկիրը գտնվում է աշխարհի առաջատար 20 երկրների շարքում:

 

Տեսանյութեր

Լրահոս