Բաժիններ՝

Երևանում նոր կառուցվող ՋԷԿ-ը ստեղծելու է էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորություն

Երևանում նոր կառուցվող ջերմաէլեկտրակայանի շահագործումը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի ընդհանուր միջին սակագնի նվազեցման շուրջ 1.5 դրամի չափով: Այս մասին մարտի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Նոր ՋԷԿ-ի շահագործումը տարեկան շուրջ 8 մլրդ դրամի խնայողության հնարավորություն կտա: Միայն այդ գործոնը շուրջ 1.5 դրամի չափ ընդհանուր միջին սակագնի նվազեցման կարող է բերել»,- ասաց Բաղրամյանը:

Ջերմաէլեկտրակայանի կառուցումը կտևի 24-25 ամիս, որի ընթացքում նաև նոր աշխատատեղեր կստեղծվեն:

«15-20 օրվա ընթացքում կարող են մեկնարկել կայանի շինարարական աշխատանքները: Շինարարության ընթացքում 1000-1100 հոգու համար նախատեսված աշխատատեղ կլինի: Իսկ կառուցումից հետո շուրջ 230 աշխատակից կաշխատի կայանում»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Նոր կառուցվող ՋԷԿ-ը իր հզորություններով կգերազանցի այժմ գործող Հրազդանի ՋԷԿ-ին, իսկ Հրազդանի ՋԷԿ-ը կշարունակի իր գործունեությունը մինչև նոր կայանի կառուցումը, որից հետո դուրս կբերվի համակարգից:

Անցած տարվա նոյեմբերին ՀՀ կառավարության, «Արմփաուեր»-ի և «Ռենկո»-ի միջև եռակողմ շրջանակային համաձայնագիր ստորագրվեց Երևան քաղաքի տարածքում ժամանակակից ջերմաէլեկտրակայան կառուցելու վերաբերյալ: Ինչպես նախատեսվում էր շրջանակային համաձայնագրով, մարտի 4-ին արդեն ստորագրվեց ուղղակի պայմանագիրը: Սա հնարավորություն է տալիս ավարտել ծրագրի ֆինանսական ամփոփումը և առաջիկայում սկսել ջերմաէլեկտրակայանի շինարարական աշխատանքները:

Ծրագիրը նախատեսվում է իրագործել արդիական սարքավորումների ներդրմամբ ու գիտական փորձի հիման վրա, ինչի շնորհիվ Հայաստանը կունենա բարձր արդյունավետությամբ ու անվտանգ գործող էներգետիկ կայան: Կնվազեցվի նաև Հայաստանի էներգետիկ համակարգի համար բնական գազի ծախսը և կբարձրանա էներգամատակարարման հուսալիությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս