Բաքուն գնդակը նետեց Հայաստանի դաշտ. Բակո Սահակյանը կմասնակցի՞ Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հատարարություններից հետո, որ բանակցային գործընթացում Արցախի անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը, Բաքուն փորձել է կոշտ արձագանքել և «գնդակը կրկին նետել» Հայաստանի տարածք։
«Բանակցային գործընթացը վարում են Հայաստանն ու Ադրբեջանը՝ որպես բանակցային կողմեր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ Հայաստանում իշխանափոխությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 3 ու ԱԳ նախարարների 4 հանդիպումները վառ ապացույցն են նրա, որ բանակցություններն անց են կացվում այդ ձևաչափով։
Հայաստանի ղեկավարության հայտարարությունները բանակցությունների ձևաչափի փոփոխության մասին բանակցային գործընթացը փակուղի տանելու և տապալելու փորձ են։ Դրա պատասխանատվությունը ամբողջությամբ կրում է Հայաստանը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Պաշտոնական Երևանն այս հայտարարությանը դեռևս չի պատասխանել։ «168 Ժամը» մեկնաբանության համար դիմեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին և ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանին, սակայն նրանք հրաժարվեցին դիրքորոշում հրապարակել՝ պատճառաբանելով, թե ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, իսկ դա հեռարձակվելու է այսօր՝ մարտի 2-ին։
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի համար Բաքվի նման հայտարարությունը զարմանալի չէ։ «168 Ժամի» հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանի առաջարկը շատ պարզ է, և Ադրբեջանը որևէ կերպ չի կարող միջազգային հանրությանը համոզել, թե ինչու ցանկություն չունի լսել Ղարաբաղի իշխանություններին.
«Դա որևէ կողմից չի ընդունվում, և նման դիրքորոշումը պետք է բացատրեն։ Ադրբեջանը որևէ արգումենտ չունի՝ ինչո՞ւ չի ուզում աշխատել Ղարաբաղի ղեկավարության հետ։ Իրենք իրենց դրել են փակուղու մեջ»։
Մ.Սարգսյանը չհամաձայնեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը մոտ է զրոյական կետին, քանի որ Երևանը հստակ խնդիր է առաջադրել, իսկ Բաքուն այն մերժում է. «Մեզ համար ողբերգություն չի, որ մերժում է, իրենց համար է ողբերգություն։ Շատ կոնկրետ ու հասկանալի դրվածք է, և որևէ մեկը Ադրբեջանի դիրքորոշումը չի պաշտպանի, բացի Թուրքիայից։
Այստեղ մենք գործ ունենք միջազգային հանրության հետ՝ ներկայացնելու իրավիճակը։ Մեր քաղաքականության նպատակը պետք է լինի մի խնդիր՝ զրկել Ադրբեջանին որևէ իրավունքներից Արցախի հանդեպ։ Այդ իրավունքները ժամանակին ՀՀ առաջին իշխանությունները՝ գուցե իրավիճակից, գուցե՝ անփորձությունից ելնելով, և միջազգայն հանրությունը նվիրել են Ադրբեջանին։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Արցախում ասել է, որ ոչ մի թիզ հող ոչ մեկին չենք տալու։ Երբ Ադրբեջանը փորձի պատերազմ սկսել, մենք ինքներս կորոշենք այդ հարցը։ Այսինքն՝ բոլոր թեզերը դրված են։ Ադրբեջանն այն երկիրը չի, որ առանց այլ երկրների օգնության՝ կարողանա որևէ քայլի դիմել։
Դրա օրինակն ապրիլյան պատերազմն էր, որ Ադրբեջանն ընդամենը մի օր պատերազմեց ու հետ կանգնեց։ Բոլոր երկրներն էլ ասում են, որ ուժի կիրառմամբ հարցի լուծում չի կարող լինել։ ՀՀ առաջին իշխանությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ գոյություն ունեցող սովետական սահմաններում, որից հետո ԵՄ-ն և ամբողջ աշխարհն են ճանաչել։ Պետք է Ադրբեջանին զրկել այդ իրավունքներից, որովհետև եթե ճանաչում եք երկրի սուվերենությունը, դուք ճանաչում եք նրա՝ ուժ կիրառելու իրավունքը։ Չլինեին 90-ականների որոշումները, Ադրբեջանը գուցե չգնար այդ քայլին, և մենք խուսափեինք պատերազմից։ Այժմ պետք է շտկել սխալները, որովհետև Ադրբեջանն իր հայտարարություններում հենվում է իր իրավունքների վրա»։
Ընդհանուր առմամբ, ըստ Մ.Սարգսյանի, իրավիճակը փակուղային չէ. «Իրավիճակ է, պետք է գնալ առաջ, պետք է դնել խնդիրներ ու հասնել դրանց լուծմանը։ Հայաստանն Ադրբեջանի հետ խոսելու բան չունի, պետք է նրան զրկել իրավունքներից։ Այսինքն՝ քայլ առ քայլ պետք է հասնել Արցախի միջազգային ճանաչմանը»։
ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի համար Բաքվի հայտարարությունը ևս սպասելի էր։ Մեզ հետ զրույցում նա հիշեցրեց, որ ինքն ի սկզբանե ասել է, որ Փաշինյանը Ղարաբաղի հարցում չունի որևէ հայեցակարգ և ժամանակ է ձգում։
«Ակնհայտ է, որ նա Դուշանբեում պայմանավորվածություն է ձեռք բերել Ալիևի հետ, հետագայում միգուցե ինքն էլ հասկացել է, կամ հուշել են, կամ մեր հայտարարություններից է հասկացել, որ ընկել է Ալիևի թակարդը։ Հիմա փորձում է որոշակի մարտավարական ճշտումներ մտցնել բանակցություններում, չի կարողանում մի կողմից՝ հետ կանգնել մեր պարտավորություններից, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի, բայց միևնույն ժամանակ եթե բանակցային գործընթացը շարունակվի, պետք է հրաժարվի Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից։ Ինչի՞ մասին պետք է խոսի Ալիևի հետ։
Դրա համար Իրանում շուստրիություն է անում ու ասում, որ օրակարգի մասին պետք է խոսեն, բայց դա աբսուրդ է։ Ինչի՞ համար են ԱԳ նախարարությունները, ՄԽ համանախագահները, որ պետության ղեկավարները պետք է օրակարգի մասին ինչ-որ բան քննարկեն»,- ասաց Է.Շարմազանովը։ Ըստ նրա՝ ապրիլի իշխանազավթումից հետո Ադրբեջանը երբեք կառուցողական հայտարարությամբ հանդես չի եկել, ու մինչ Փաշինյանը խոսում է Ալիևի կիրթ և նորմալ լինելու մասին, մինչ արտգործնախարարը խոսում է դրական սպասումների մասին, Ադրբեջանը խոսում է այն մասին, որ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանից ակնկախ, խոսում են ուժի դիրքերից, և Ալիևն ու Էրդողանը հակահայկական հայտարարություններ են անում։
«Եթե Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպմանը Բակո Սահակյանը չմասնակցեց, ուրեմն Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսել 2018-ի մայիսի 9-ին։ Կա՛մ պետք է հայ ժողովրդից ներողություն խնդրի իր ստի համար, կա՛մ պետք է ասի, որ այնքան պրոֆեսիոնալ չի, որ հավատացել է Ալիևին։ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Ստեփանակերտում այնպիսի բարձր պլանկա դրեց, որ այսօր ինքը չի կարող դրան հասնել։ Բայց ինքը գնաց պոպուլիստական ճանապարհով։ Ու եթե ներքին քաղաքականությունում պոպուլիզմը մի քիչ կիրառելի է, արտաքին քաղաքականությունը պոպուլիզմ չի հանդուրժում»,- ասաց Է.Շարմազանովը։