Դեսպան Կարեն Նազարյանը հավատարմագրերի պատճենը հանձնել է Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդին
Վատիկանում ՀՀ նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանը փետրվարի 12-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ, գերաշնորհ Էդգար Պենյա Պառային (H.E. Msgr. Edgar Peña Parra, Substitute for General Affairs to the Secretary of State):
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-վատիկանյան վաղեմի, սերտ ու բարեկամական հարաբերություններին:
Դեսպան Նազարյանն ընդգծել է Հայաստանի համար Սուրբ Աթոռի հետ երկկողմ հարաբերությունների կարևորությունը և հայտնել դրանք ընդլայնելու ուղղությամբ իր պատրաստակամության մասին:
Գերաշնորհ Պենյա Պառան, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ, վստահություն է հայտնել, որ հայ-վատիկանյան միջպետական հարաբերությունները շարունակելու են առավել զարգանալ:
Վատիկանում կայացած հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումների առնչությամբ կողմերի մոտեցումներին: