Ինչ է խոստանում կառավարության ծրագիրը

ՀՀ կառավարությունը երեկ հրապարակեց իր ծրագիրը, սակայն նիստում չհաստատեց այն։ Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը մի քանի անգամ երկար ժամերով աշխատել է տեքստի վրա, այն բավարար չափով ներառական է, բայց դեռևս խմբագրական բնույթի աշխատանքներ պետք է արվեն:

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա կազմված կառավարության հնգամյա գործունեության ծրագրի արդեն խմբագրած տարբերակը նախատեսվում է հաստատել արտահերթ նիստում և մինչև փետրվարի 8-ը՝ օրենքով սահմանված ժամկետում, ուղարկել ԱԺ:

Առաջին հայացքից աչքի է զարնում կառավարության անդամների մոտեցումն այս գերկարևոր փատաթղթին. գործադիրի կայքում հրապարակված նախագծի փաստաթղթի անունը «porc…» է: Այս հանգամանքը սոցիալական ցանցերում, մեղմ ասած, հեգնական քննարկումների առիթ է դարձել, և մասնագետները փորձում են գուշակել՝ դա ո՞ր բառի հապավումն է՝ «փո՞րձ», «փորձնակա՞ն», թե՞ «փորձանք»։

Ինչևէ, մոտ 50 էջանոց ծրագիրը խոստանում է, որ առաջիկա 5 տարիներին ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշերին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն: Սահմանված են 8 հիմնարար ուղենիշեր՝ արտաքին և ներքին անվտանգության ապահովում, պայքար կոռուպցիայի դեմ, ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի, մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն, տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ, պետական ֆինանսների կառավարում։

Կարդացեք նաև

Ծրագրի ամենավերջում կառավարությունը վճռականություն է հայտնել՝ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության, խորհրդարանական այլ ուժերի, քաղաքացիական հասարակության, հանրության հետ համագործակցության և երկխոսության միջոցով Հայաստանում իրականացնել տնտեսական հեղափոխություն: Սակայն միաժամանակ տնտեսական քաղաքականության բաժնում նշված է, որ «տնտեսությունը պետք է աճի բարձր տեմպերով` ծրագրային ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5»։

Բիզնեսի կառավարման մասնագետ Արթուր Դանիելյանը «168 Ժամի» հետ զրույցում ենթադրեց, որ այդ «5»-ը 5% է, բայց բոլորովին չի համապատասխանում «աճի բարձր տեմպեր» արտահայտությանը.

«Դա ոչ մի կերպ չի կարելի համարել թռիչքային աճ։ Այսինքն՝ մարդիկ ի սկզբանե ծրագրում են, եթե չասենք՝ ստագնացիոն, ապա տնտեսության լճացում, որովհետև 5%-ը կբավարարի, որպեսզի միայն արտաքին պարտքի գծով պարտավորությունները կատարենք։ Իրական աճի համար մեզ 5%-ից ավելի աճ է պետք։ Հիշեցնեմ՝ ժամանակին նախագահ Սարգսյանը կառավարության նիստում ասել է, որ 5%-ը աճի նվազագույն շեմն է՝ նկատի ունենալով, որ մեզ համար 5%-ը լճացում է»։

Նրա խոսքով՝ 2018թ. աճի բարձր տեմպերը հայտնի իրադարձությունների հետևանքով նվազեցին, և տարին մոտ 10%-ի փոխարեն՝ ամփոփվեց 5.8% աճով, և խիստ կասկածելի է, որ 2019-ին 5% կապահովվի։

Նա նկատեց, որ ամբողջ ծրագրում 4-5 թիվ է նշված, մասնավորապես՝ տնտեսության վերաբերյալ՝ արտահանում/ՀՆԱ՝ 43-45%, խնայողություն/ՀՆԱ՝ 23-25%, և բուն տնտեսական աճի ցուցանիշը՝ 5%, ինչն աբսուրդ է, և փաստաթուղթը նման է երկար կենացի։

Ըստ մասնագետի՝ ծրագրում հստակ նշաձողեր պետք է սահմանվեն, ցուցանիշներ լինեն, որպեսզի հաշվետվողականություն ապահովվի, հնարավոր լինի հետագայում այդ թվերը նրանց հիշեցնել ու պատասխան պահանջել։

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ի իշխանության վերջին շրջանում էլ ծրագրերը թվերով հարուստ չէին, Ա.Դանիելյանը պատասխանեց, որ, եթե նոր իշխանությունն ուզում է ինչ-որ բանով տարբերվել նախորդներից, պարտավոր են աշխատանքի ոճը փոխել, բայց նախկինի համեմատ ո՛չ գործելաոճի, ո՛չ թվերի, ո՛չ էլ նույնիսկ մարդկային շփման մեջ որևէ հեղափոխություն չի նկատվում. «Նվազագույն սահմանանիշեր են դրել, ավելի կստացվի՝ լավ, չի ստացվի՝ լավ։ Պետք է արձանագրենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք, ում ես անխնա քննադատում էի, իրականում ՀՆԱ աճի բավականին բարձր ցուցանիշներ էին արձանագրվել, թեպետ, այո, պլանավորվող ցուցանիշները 5-6%-ի միջակայքում էին»։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ ծրագրի արտաքին քաղաքականության հատվածին՝ մատնանշելով, որ այն կարող էր ավելի մանրամասն լինել։

Ըստ նրա՝ նախանշված են մի քանի կարևոր ուղղություններ։ Մասնավորապես՝ ՌԴ-ի հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ կառավարության անելիքները բխում են այդ ձևակերպումներից, իսկ ԱՄՆ-ի վերաբերյալ ձևակերպումն այնպիսին է, որ բարեկամական գործընկերության հետևողական զարգացման ուղղությամբ պետք է աշխատանք տարվի.

«Կարծում եմ՝ պետք է ավելի մանրամասն ներկայացվեր ծրագրում, թե կառավարությունն ինչպես է տեսնում աշխարհի թիվ 1 գերտերության հետ հարաբերությունների խորացումը, որովհետև իրականում օրակարգը շատ ավելի լայն ու մեծ կարող էր լինել։ Կուզենայի տեսնել ռազմական համագործակցության ոլորտին վերաբերող հատված, բայց դա չկա»։

Ս.Սարգսյանը կարևորեց նաև Իրանի և Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու մտադրությունը, որովհետև այդ 2 պետությունները Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող պատուհաններն են։

Նա շեշտեց, որ ծրագրում բացակայում է որևէ տեսլական Թուրքիայի հետ որևէ հարաբերություններ ունենալու վերաբերյալ. «Խոսքը չի գնում հարաբերությունների կարգավորման կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։ Բայց Թուրքիան այս ծրագրում չկա ո՛չ որպես պոտենցիալ երկխոսության կողմ, ո՛չ էլ որպես պոտենցիալ հակառակորդ կողմ։ Կարծում եմ՝ ճիշտ կլիներ Թուրքիային ինչ-որ կերպ անդրադարձ լիներ։ Բայց կա այն, ինչ կա։ Որոշված է, որ որևէ երկխոսություն չի լինելու Թուրքիայի հետ՝ չնայած արված հայտարարություններին»։

Ուշադրություն հրավիրելով ՆԱՏՕ-ի հետ գործակցության վերաբերյալ հատվածի փոքրությանը՝ Ս.Սարգսյանն ամեն դեպքում նշեց, որ որևէ ուղղությամբ կառավարության անդրադարձի բացակայությունը դեռ չի նշանակում, որ այդ ուղղությամբ աշխատանք չի տարվելու. «Կարևորը ոչ թե ծրագրում մոտեցումների ամրագրումն է, այլ դրանց հետևողական կյանքի կոչումը»։

Տեսանյութեր

Լրահոս