Փաշինյանը, հրշեջի նման, ջուրը վերցրած հանգցնում է հերթական հրդեհը
«Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծն անընդհատ ձգձգվում է, տեղեկություն կա, որ վերջնական եզրահանգման դեռ չեն եկել: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ նախարարությունների կրճատումները լինելու են: Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին՝ ըստ էության կադրային քաղաքականության գաղափարախոսությունը Նիկոլ Փաշինյանի մոտ մնացել է նույնը: 7-8 ամիս առաջ էլ Փաշինյանն այն ոլորտները, որոնք պատասխանատու են ֆինանսական կայունության, անվտանգության համար, վստահեց մարդկանց, ովքեր ոչ հեղափոխության մասնակիցներ էին, ոչ էլ շարժման ներկայացուցիչներ: Նրանք պրոֆեսիոնալ մասնագետներ են: Խոսքը ՊԵԿ-ի, Ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի,անվտանգության և պաշտպանության համակարգերի մասին է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ հիմա այլ գործընթաց է տեղի ունենում իշխանության ներսում:
«Լուրջ պայքար է սկսվում արդեն իշխանության ներսում՝ տարբեր ազդեցության խմբավորումների միջև: Առաձնակի ուշադրությունը Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) և Ֆինանսների նախարարության, որոշ չափով՝ նաև Քաղաքապետարանի նկատմամբ, և մի շարք անտեսանելի խնդիրներ պայմանավորված են նրանով, որ որոշ խմբավորումներ, որոնց ասոցիացնում եմ սորոսածին շրջանակների հետ, փորձում են վերահսկողության տակ պահել նաև այն ոլորտները, որոնք ուղղակիորեն ֆինանսական հոսքերն են ապահովում, անվտանգության խնդիրները: Օգտագործում են պարգևավճարների և այլ թեմաներ, որպեսզի կասկածի տակ դնեն այն կադրերին, որոնց անձամբ Փաշինյանն է նշանակել: Հիմա մենք ականատես ենք քողարկված էտապի, կարծում եմ, որ սա գործընթացի սկիզբն է: Փորձ կանեն նոր ռեսուրսներ մտցնել ընդհանուր խաղի մեջ»,- նշեց քաղտեխնոլոգը:
Ինչ վերաբերում է կառավարության խոստացած տնտեսական հեղափոխությանը, ապա, Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ չկա համակարգված մոտեցում, հստակ տեսլական, թե կառավարությունը տնտեսական հեղափոխություն եզրույթի տակ ի՞նչ է հասկանում:
«Անհամբերությամբ սպասում եմ Կառավարության ծրագրին, որպեսզի տեսնեմ՝ այն համակարգվա՞ծ է, թե՞ ուղղակի կարգախոսների փունջ է: Ցավոք, սա ոչ միայն տնտեսական, այլ գրեթե բոլոր համակարգերին է վերաբերում: Մենք տեսնում ենք՝ գործողություններ են կատարում, որոնք շատ դեպքերում միմյանց կապված չեն: Այսօր մի պաշտոնյա մեկ բան է ասում, մյուս պաշտոնյան՝ այլ, ու դա վերածվում է լուրջ բանավեճի՝ հասարակական, քաղաքական շրջանակներում: Ինչ-որ մի փուլում, երբ ամեն ինչ հասնում է կիզակետին՝ հայտնվում է փրկիչը՝ Նիկոլ Փաշինյանը, և փորձում է լուծել այս կամ այն հարցը՝ իր ռեյտինգի հաշվին: Հրշեջի նման, ջուրը վերցրած, հանգցնում է հերթական հրդեհը»,- նկատեց քաղտեխնոլոգը:
Վիգեն Հակոբյանն ընդգծեց, որ սկզբից պետք է կառավարության կառուցվածքային փոփոխությունները լինեն, որպեսզի հասկանալի լինի, թե ամեն նախարարություն ինչով է զբաղվելու:
«Ինչպե՞ս կարելի է կառավարության ծրագիր ներկայացնել, երբ հստակեցված չէ՝ ԿԳՆ-ն սահմանափակվելու է իր գործառույթներո՞վ, թե՞ մշակույթով ու սպորտով: Ինձ համար տարօրինակ է, որ չկա կառուցվածքը, բայց լինելու է կառավարության ծրագիրը»,- եզրափակեց քաղտեխնոլոգը:
Անի Կարապետյան