Գնացքում ահաբեկչին բռնած ամերիկացիները Ֆրանսիայի քաղաքացիություն են ստացել
ԱՄՆ-ի երեք զինծառայողներ իրենց Ֆրանսիայի քաղաքացիություն շնորհելու փաստաթղթեր են ստացել այն բանի համար, որ նրանք 2015 թվականին օգնել են բռնելու ահաբեկչին Ամստերդամ-Փարիզ Thalys ճեպընթաց գնացքում:
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Սան Ֆրանցիսկոյում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսարանում: Այդ մասին փետրվարի 1-ին հայտնել է AFP-ն:
Ամերիկացիներն իրենք են քաղաքացիություն ստանալու խնդրագրով Ֆրանսիայի իշխանություններին դիմել տակավին 2018 թվականի ապրիլին: Դրական որոշումը Ֆրանսիայի կառավարության Պաշտոնական հանդեսում հրապարակվել է 2018 թվականի սեպտեմբերին: Սակայն բոլոր անհրաժեշտ ձեւականությունները հաջողվել է կարգավորել սոսկ մի քանի ամիս անց:
«Շնորհակալություն եւ բարի գալուստ ֆրանսիական ազգ»,- Twitter-ում գրել է Սան Ֆրանցիսկոյում երկրի գլխավոր հյուպատոս Էմանուել Լեբրյուն Դամիենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: