Քյոլնի քաղաքապետն ընդունել է Հայաստան այցելելու ՀՀ վարչապետի առաջարկը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Քյոլն բավական հագեցած էր, քաղաքապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Քյոլնի և Գյումրիի միջև համագործակցության հարցում։ Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։
«Համագործակցությունը կլինի մշակույթի պահպանման ուղղությամբ, Քյոլնի քաղաքապետը ուրախությամբ ընդունեց վարչապետի առաջարկը, որպեսզի այցելի Հայաստան և Գյումրի»,- ասաց դեսպանը։
Դեսպանը կարևորեց Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև հուշագրի ստորագրումը՝ նշելով, որ լավ հիմք է համագործակցությունը զարգացնելու համար։
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրի Գերմանիայի կողմից վավերացմանը՝ դեսպանը նշեց, որ ընթացակարգային գործընթացները ավարտվել են, Արտաքին գործերի նախարարությունը պետք է այդ ավարտված փաստաթուղթը փոխանցի կանցլերի աշխատակազմ և Բունդեսթագ։ Դեսպանը հույս հայտնեց, որ մինչև տարվա վերջ այդ վավերացումը կլինի։
Աննա Գզիրյան