Մինսկի խումբ. ԼՂ-ն կմիանա բանակցային գործընթացին «որոշակի փուլում»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում հայտարարել են, որ բանակցությունների «որոշակի փուլում» Լեռնային Ղարաբաղը կմիանա բանակցային գործընթացին, սակայն կոնկրետ ժամկետ չի նշվել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել է. «Ես կարող եմ ենթադրել, որ երբ սկսվի առարկայական աշխատանքը խաղաղության համաձայնագրի վրա, բանակցող կողմերի ֆորմատը կարող է ընդլայնվել»:
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովն այսօր ադրբեջանական կողմից հատել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը և հանդիպել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի հետ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպմանը ընթացքում Բակո Սահակյանը կոչ է արել համանախագահներին «շարունակել իրենց աշխատանքը Ադրբեջանին կառուցողական հուն բերելու եւ բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափը վերականգնելու ուղղությամբ»:
Բաքվում եւ Ստեփանակերտում համանախագահները քննարկել են նաեւ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը:
Անդրադառնալով շփման գծից դիպուկահարների հեռացմանը` ռուսաստանցի համանախագահ Պոպովն ասել է, որ դա «ցավոտ հարց է, որի մասին երկար խոսվել է, բայց որն առայժմ լուծված չէ»:

Տեսանյութեր

Լրահոս