Գործադուլ բարեգործությա՞ն դեմ

Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ Կոտայքի մարզում գործադուլ են սկսել մոտ <<Քինգ դելյուքս>> տաքսի ծառայության մի քանի տասնյակ վարորդներ և Չարենցավանի և Աբովյանի մոտ 10 ներմարզային և ներքաղաքային ավտոբուսների վարորդներ:
Քինգ դելյուքսի տնօրեն Արթուր Դալլաքյանը 168 ժամին հայտնել է, որ «գծից դուրս են եկել 40 ավտոբուս և 80 վարորդ: Նրա խոսքով, արդեն մոտ վեց ամիս է նշված երթուղիների վարորդները <<չեն կարողանում անգամ 1000 դրամ տանել տուն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Չարենցավանից և Աբովյանի դեպի Երևան անվճար բարեգործական ավտոբուսների պատճառով>>:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են որոշել վարորդները <<փակել տալ>> բարեգործական երթուղին`պնդելով, որ այն գրանցված չէ իրավական դաշտում, Դալլաքյանը պատասխանեց. <<Մենք ոչ թե ուզում ենք փակել երթուղին, այլ, որ այն մտնի իրավական դաշտ, ո՞վ է տեսել բարեգործություն անել ապօրինի ճանապարհով, մեր հաշվին բարեգործություն են անում>>:
Հավելենք, որ մեր այն հարցին, թե, ի վերջո, եթե բարեգործական երթուղին գրանցվի օրինական կերպով, այնուամենայնիվ, իր վարորդները չե՞ն մնալու առանց գործի, նա ոչինչ չպատասխանեց, նշելով միայն, որ <<թող գրանցվի հետո կտեսնենք>>:
Եթե այսպես թե այնպես, տաքսի <<Քինգ դելյուքսը>> նորմալ չի աշխատում, ապա ինչու է դիմել գործադուլի:Այս հարցի պատասխանն էլ չուշացավ. Աբովյանի բնակիչներից պարզեցինք, որ ծառայությունը պատկանում է Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանին, որին, բնակիչների խոսքով, Ծառուկյանը որոշել է սնանկացնել:
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ այս ակցիան հակասում է «Բարեգործության մասին» օրենքին և պաշտոնապես գրանցված չէ, և այդ դեպքում, անհասկանալի է՝ ինչպես կարող է կոչվել բարեգործություն: Դալլաքյանի փոխանցմամբ, իրենք արդեն իսկ դիմել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ ընդդեմ <<բարեգործական անվճար երթուղու>>:
Միաժամանակ՝ արդեն 6 ամիս է բարեգործական երթուղին բացահայտ և թափանցիկ է աշխատում, ինչո՞ւ վեց ամիս անց այդ մասին մտահոգվեցին: <<Գագիկ Ծառուկյան>> հիմնադրամից խոստացան պարզաբանումներ տալ և պատասխանել բոլոր հարցերին, որոնք կներկայացնենք առաջիկայում:
Թե ինչ զարգացում կստանա տվյալ դեպքը, հայտնի չէ, բայց որ բարեգործական երթուղին լուծում է կարիքավորների տեղափոխման խնդիրը, դա միանշանակ է: Օրական հազարավոր մարդիկ են օգտվում տվյալ տրանսպորտից և կարողանում են փոխադրվել մի վայրիվ մյուսը, և, ինչպես պնդում է տրանսպորտով ամեն առավոտ Աբովյան քաղաքից Երևանի Կոմիտասի շուկա եկող կիտրոնավաճառ Գալյա տատիկը`<<Էս ավտոբուսները մուրազ են, որ դուրս գա, մենք անգործ ու սոված կմնանք, բալես, էս երկրի ուզածը է՞տ ա>>:

Հավելենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այսօր այս կապակցությամբ հայտարարել է. «Երևան-Աբովյան անվճար երթուղին գործում է 11 տարի, և որևէ գործադուլ չի կարող խոչընդոտ հանդիսանալ բարեգործական այդ ծրագրի շարունակականության համար։ Անկախ նրանից, թե դա ո՞ւմ է դուր գալիս, ում՝ ոչ, նաև՝ նրանից, թե ովքե՞ր են կանգնած, այսպես կոչված, գործադուլի հետևում, այդ ծրագիրը չի՛ կասեցվելու, քանի դեռ երկիրը գտնվում է այնպիսի պայմաններում, ուր սոցիալական նման ծրագրերի կարիք և անհրաժեշտություն կա»:
Նա նաև տեղեկացրել է, որ կապվել է «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» հետ, որտեղից հայտնել են, թե կան մի քանի տասնյակ տրանսպորտային կազմակերպություններ, որոնք պատրաստակամություն են հայտնել շատ լավ պայմաններով աշխատանքի ընդունել «Քինգ դե լյուքսի» վարորդներին:

Տեսանյութեր

Լրահոս