«Դավոսը կարևոր հարթակ է, որտեղ ծանոթությունների, կապերի և հետագայում՝ նաև ծրագրերի սկիզբ կարելի է դնել». Ինչ կբերի Փաշինյանը Դավոսից

Շվեյցարիայի Դավոս քաղաքում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին բազմաբնույթ հանդիպումներ է ունենում: Նա որպես բանախոս՝ հանդես է գալու «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկմանը։

Հայաստանի նախկին իշխանությունները Դավոսն առանձնապես չէին կարևորում։ Անցած տարի դավոսյան ֆորումին մասնակցել էր վարչապետ Կարեն Կարապետյանը, սակայն որևէ արդյունք այդ այցից դժվար է նշել։

Դրանից առաջ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, Դավոսում եղել էր 2009 թվականին, այն էլ՝ առավել շատ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու նպատակով։

Եվ հայաստանյան ընդդիմությունը տարիներ շարունակ քննադատում էր իշխանություններին՝ այս միջազգային կարևոր հարթակն անտեսելու համար։

Ի՞նչ արդյունք կարելի է այսօր ակնկալել Փաշինյանի դավոսյան այցից։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Դավոսը մեծ և լուրջ հարթակ է, որտեղ հնարավոր է ձեռք բերել լրջագույն պայմանավորվածություններ և հաստատել կապեր, որոնք հետո կարելի է ի շահ Հայաստանի Հանրապետության օգտագործել։

«Քաղաքակրթությունն ինքնին հնարավորինի արվեստ է, և ցանկացած հնարավորություն պետք է օգտագործել ի շահ պետության։ Դավոսը կարևոր հարթակ է, որտեղ ծանոթությունների, կապերի և հետագայում՝ նաև ծրագրերի սկիզբ կարելի է դնել։ Նախկինում եղել է Դավոսի համաժողովի որոշ կազմակերպիչների՝ Հայաստան այցելություն կազմակերպելու պայմանավորվածություն, չգիտեմ՝ այժմ դա ուժի մե՞ջ է, թե՞ ոչ, բայց արժի այդ ուղղությամբ ևս աշխատել, նախկինում ձեռք բերած պայմանավորվածությունները ևս կյանքի կոչել»,- ասաց Գ.Գորգիսյանը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ Դավոսի համաժողովը բիզնես հարաբերությունների կարգավորման հարթակ է երկրների միջև. «Այդտեղ ավելի շատ ներկայացնում են նախագծեր, երկրի զարգացման տեսլականը։ Դրա պրակտիկ նշանակությունը մեծ չի, ավելի շատ հնարավորությունների ներկայացման խնդիրն է, որ ճանաչելի են դարձնում միջազգային հանրությանը տվյալ երկրի բիզնես հնարավորություններին»։

Ըստ նրա՝ ներդրումներ ներգրավելու համար պետք է կարողանալ ներկայացնել, թե քո երկրի պայմաններն ինչով են ավելի լավը, քան մյուսներինը. «Շատ գործակիցներ կան, որոնց հաշվառման արդյունքում ձևավորվում է որոշակի ռազմավարություն տվյալ տարածաշրջանի նկատմամբ։ Բայց Դավոսն ավելի շատ տեսական, քան գործնական նշանակություն ունի։ Բիզնես հանրության ուշադրությունն է գրավում, բայց միայն ներկայացնելը չի, արդյունք ունենալու համար ներկայացնելուն պետք է հետևեն գործողություններ»։

 

Տեսանյութեր

Լրահոս