Բաժիններ՝

«Դե հիմա կտեսնեք, թե ոնց են բզբզում». ո՞ւմ է դատի տալու «Ջամբո»-ի սեփականատերը

2016թ. մարտի 23-ին Տանզանիայի «Կիլիմանջարո» միջազգային օդանավակայանում ձերբակալվել էին ազգությամբ հայ  Արտյոմ և Էդուարդ Վարդանյանները:

Տանզանական The Citizen պարբերականի հաղորդմամբ՝  եղբայրները փորձել են բեռնատար ինքնաթիռով Ալբանիա տեղափոխել թվով 62 կապիկներ: Վարդանյան եղբայրները Հոլանդիայի քաղաքացիներ են, Արտյոմ Վարդանյանը՝ նաև Հայաստանի քաղաքացի: Վերջինը Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո Պարկ» ռեստորանային համալիրի սեփականատերն է, որտեղ պահվում են բազմաթիվ էկզոտիկ կենդանիներ:

«2016 թվականի ձմռանը եղբորս հետ գնացել էի Տանզանիա: Ուզում էինք «Ջամբո»-ի համար տարբեր աքսեսուարներ, մատուցողների համար զգեստներ բերել: Zoo Fauna Art ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանն էլ 2015թ. օգոստոսին գնել էր 62 կապիկ: Երբ Տանզանիայում էի՝ խնդրեց իմանալ, թե ինչո՞ւ չեն ուղարկում կապիկներին: Պատճառը կարծես էբոլան էր:  Ես այդ կապիկների հետ գործ չունեմ: Արթուրը տարիներով զբաղվում է այդ կենդանիների առք ու վաճառքով, հիմնականում՝ բուծումով: Մի խոսքով, Տանզանիայից ինքնաթիռ էր գնում հարավային Աֆրիկայից, Արթուրը ճիշտ համարեց, որ կապիկները դրանով գնան: Մեր «մեղավորությունը» նրանում է եղել, որ  մեր 5-6 պայուսակ տարբեր ապրանքներն ուզում էինք այդ ինքնաթիռով ուղարկել, որովհետև լիքը տեղ կար: Դրանից առաջ որոշ հայաստանյան լրատվամիջոցներ, որոնք աշխատում են դրսի մարդկանց համար՝ վարկաբեկեցին Հայաստանը: Դրսի մարդիկ Արթուր Խաչատրյանի մրցակիցներն էին: Անանուն նամակ են գրել նաև Տանզանիայի Տուրիզմի և վայրի բնության նախագահին, թե 500 կապիկ են պատրաստվում ապօրինի դուրս բերել: Իրականում եղել են 62 ամենաէժան, ամենաանիմաստ կապիկները: Անգամ այնտեղ փող են վճարում, որ դրանց սպանեն, քանի որ ուտում են բանանները, ավոկադոն: Տանզանիան ունի քվոտա՝ 5000 նման կապիկ արտահանելու մասով: Տարեկան երևի 200 հատ էլ չեն արտահանում: Խոսքը «Зелёная мартышка» տեսակի մասին է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ջամբո»-ի սեփականատերը՝ հայտնելով, որ իր ձեռքում են գտնվում դատավճիռները, որտեղ նշված է, որ իրենք կապ չեն ունեցել այս ամենի հետ:

«Մեր բոլոր թղթերն օրինական են եղել, բայց նախարարը, ում տեղյակ են պահել այդ մասին,  ասել է, որ մի բան պետք է անեն ու մեզ պահեն, քանի որ արդեն նախագահին զեկուցել են: Այդպես մնացինք: Հաջորդ օրը եկավ բանտապահն ու ցույց տվեց Հայաստանի լրատվամիջոցների հոդվածները, որոնք գրվել էին մեր դեմ: Այնտեղ մնացել ենք 8 ամիս: Նախարարը զեկուցել էր նախագահին, թե իբր կաշառք ենք տվել, փաստաթուղթ  ձեռք բերել, իսկ նման բան չի եղել: Վերջում մեզանից ներողություն են խնդրել, վերադարձրել ապրանքները»,- նշեց Արտյոմ Վարդանյանը:

Նա տեղեկացրեց, որ հիմա դատի է տալու այդ լրատվամիջոցներին:

«Բանտից դուրս գալուց հետո որոշել էի չխառնվել, մոռանալ, այնինչ  իրենք են գլուխ բարձրացնում, դե հիմա կտեսնեք, թե ոնց են բզբզում: Մեր անվան հետ խաղացող, զրպարտող մարդկանց դատի ենք տալու: Եղբայրս, ով կենդանիների հետ կապ չունի, չի էլ սիրում, խնդիրներ ունի Հոլանդիայում, քանի որ նայում են այստեղ գրված հոդվածները: Մոտ երեք շաբաթ առաջ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հարցազրույցներից մեկում ասում է, թե Հայաստանը դարձել է թրաֆիկինգի երկիր, ապօրինի առք ու վաճառք կա: Իսկ Արթուր Խաչատրյանը աշխարհի մասշտաբով երևի 5 հոգուց մեկն է, ով զբաղվում է կենդանիների թե՛ առևտրով, թե՛ բուծմամբ: Իրեն ավելի հեշտ է օրինական կերպով կենդանիներ բերել, քան անօրինական: Անօրինական կերպով բերելուց էլ հաստատ կապիկ չէր բերի: Նրան այն աստիճանի զզվացրին, որ  բուծվող շիմպազեներին արտահանեց Ռուսաստան»,- տեղեկացրեց Արտյոմ Վարդանյանը՝ հավելելով,- ՀՀ-ում 10 միլիոն եվրոյի չափ ներդրում եմ արել, իսկ դրա փոխարեն ստիպված եմ պարկի պրոֆիլը փոխել»:

Zoo Fauna Art ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանի փոխանցմամբ էլ՝ այդ կապիկներին մեկ ամիս պահել են ինչ-որ կենտրոնում, ապա բաց թողել բնություն:

«Տանզանիայում կապիկների արժեքն իրենց քվոտաների հետ միասին մոտավորապես 14 դոլար է, կապիկներին բերում էի Հայաստան՝ բուծման նպատակով: Ես խնդրում եմ, որ բարձրաձայնողները ցույց տան մեկ քրեական գործ, որը հարուցվել է, ավարտվել, ու Հայաստանում ինչ-որ մեկին ձերբակալել են թրաֆիկինգի կամ անօրինական կենդանիների ներմուծում ու արտահանում իրականացնելու համար: Նման բան գոյություն չունի»,- եզրափակեց Արթուր Խաչատրյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս