«Եթե կա ցանկություն՝ վերակենդանացնել կինոարտադրությունը, թող տեղյակ պահեն, մենք պատրաստ ենք». Հովհաննես Գալստյան
Այսօր Ազդակ ակումբում տեղի ունեցավ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր, կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի և սցենարիստ, ռեժիսոր Մարինե Զաքարյանի ասուլիսը։ Ասուլիսը վարում էր լրագրող Լիլիթ Եղիազարյանը։ Թեման՝ «Տատիկիս Վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոֆիլմի շուրջ տեղի ունեցող զարգացումները։
Ասուլիսի սկզբում Հովհաննես Գալստյանը խնդրեց հավաքվածներին բլից-հարցման մասնակցել և նշեց վեց անուն։ Հինգին՝ Նարինե Վարդանյան, Վիկտորիա Ալեքսանյան, Խանե Պողոսյան, Արմինե Աբրահամյան և Սեդա Գրիգորյան, ներկաներից ոչ մեկը չճանաչեց, մինչդեռ հավաքվածները մեդիայի ներկայացուցիչներ են, իսկ նշված մարդիկ՝ «Ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովի» անդամ ռեժիսորներ և պրոդյուսերներ, որոնց վստահվել էր հետհեղափոխական Հայաստանում ֆիլմերի ֆինանսավորման անկողմնակալ մրցույթ անցկացնել։ Ոմանք ճանաչեցին միայն հանձնաժողովի նախագահ Նազենի Ղարիբյանին, որը մշակույթի փոխնախարար է և կանոնակարգում է կինոյի ոլորտը։
«Սա է իրականությունը»,- նշեց Հովհաննես Գալստյանը. «Այս մարդիկ արգելափակել են արդեն պետական ֆինանսավորում ստացած «Տատիկիս Վարսերը» կինոֆիլմի արտադրությունը, կասեցրել են միջազգային պայմանագրով նախատեսված ներդրումները, հիսուն մասնագետի զրկել են աշխատանքից, խափանել են Հայաստանում, Բուլղարիայում կատարվելիք նկարահանումները, Գերմանիայում պլանավորված հետարտադրությունը։ Այս մարդիկ բացարձակապես չեն հասկանում, ինչ ասել է «համատեղ ֆիլմարտադրություն։
Նրանք ներքաշել են Հայաստանը միջազգային դատական գործընթացի մեջ և մեր երկիրը ստիպված է լինելու փոխհատուցել ֆիլմի միջազգային ներդրողներին՝ արդեն արված ներդրումների, վնասի և ակնկալվող շահույթի ամբողջ ծավալով»։
Պարոն Գալստյանը անդրադաձավ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին.
«Տիկին Մակունցը խոստացել էր հանձնաժողով հրավիրել, պարզելու համար «ֆիլմի հայտը մերժելու օրինական հիմքերի առկայությունը»։ Որից հետո, Մշակույթի նախարարությունը տարածել էր հայտարարություն՝ Հանձնաժողովի կողմից ֆիլմի հայտը մերժելու օրինական հիմքերի բացակայության մասին։ Հաջորդ քայլով, նախարարությունը նամակ պետք է հղեր մեր գործընկերներին՝ խնդրելով երկարաձգել համատեղ արտադրության պայմանագիրը։ Այդ նամակը շուտով կհասնի հասցեատերերին։ Տիկին Մակունցը նաև հանձնարարել էր կինոկենտրոնի տնօրենին ուսումնասիրել ֆիլմի ֆինանսավորումը ապահովելու հնարավորությունները և նոր պայմանագիր կնքել՝ ֆինանսավորման ծավալների ու հստակ ժամանակացույցի արտացոլմամբ։
Կինոյի համաշխարհային լեգենդ Լուիս Բունյուելը ամերիկացիների մասին ասում էր՝ «Ամերիկացիները շատ թերություններ ունեն, բայց մի բան ակնհայտ է՝ նրանք խոսքի մարդիկ են», նույն կոմպլիմենտը ես կանեի տիկին Մակունցին՝ նա «խոսքի մարդ է»: Դա կարևոր, հազվադեպ հանդիպող առաքինություն է այսօր Հայաստանում։ Ի հակակշիռ տիկին Մակունցի՝ կինոկենտրոնի տնօրենը ուղղակի սաբոտաժի է ենթարկում խնդրի դրական լուծումը։ Այդ կինը մինչ օրս ստուգում է մեր փաստաթղթերի իսկությունը։ Ես նրան ասում եմ՝ փաստաթղթերի վրա կան գործընկերների կոնտակտները։ Զանգեք «Շարմ Փիքչրզ», «Ցենտրալ Պարտնյորշիփ», «Քլևեր Փրոդաքշն», «ԺելՖիլմ», բոլորին զանգեք ու հարցրեք՝ դուք կնքե՞լ եք այս փաստաթուղթը։ Այսինքն՝ լրիվ հիմար վիճակի մեջ դրեք ինքներդ ձեզ ու կինոյի կառույցը»,- ասաց Հովհաննես Գալստյանը:
Կինոյի տապալված կառավարմանն էր նվիրված ասուլիսի երկրորդ հատվածը։ Հովհաննես Գալստյանը ներկայացրեց մի քանի թվեր, որպեսզի պարզ դառնա, թե վերջին երեք տարում պետական բյուջեից ինչ ահռելի գումարներ են փոխանցվել կինեմատոգրաֆին և որքան ապաշնորհ են կառավարվել դրանք։
«2016 – 2018թթ-ին ՀՀ պետական բյուջեով կինեմատոգրաֆին տրվել է 2.472.000.000 (երկու միլիարդ չորս հարյուր յոթանասուներկու միլիոն) ՀՀ դրամ: Կինոֆիլմերի արտադրությամբ զբաղվող երեք կազմակերպություններին ֆիլմերի արտադրության համար տրված ֆինանսավորումը կազմել է 1.332.300.00 (մեկ միլիարդ երեք հարյուր երեսուներկու միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: Ո՞ւր են ուղղվել այս գումարները։ Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվել։ Որքա՞ն գումար է վերադարձվել վարձույթից։ Քանի՞ մարդ է դիտել այդ ֆիլմերը Հայաստանում և Հայաստանից դուրս։ Ինչպե՞ս կարելի էր այսպիսի ահռելի միջոցների այսքան ապաշնորհ կառավարում իրականացնել։ Ո՞վ է պատասխան տալու։ Պետական երկու ՊՈԱԿ-ներին ֆիլմերի արտադրությունը սպասարկելու համար տրված ֆինանսավորումը կազմել է՝ 569.600.000 (հինգ հարյուր վաթսունինը միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ։ Սա աբսուրդ է։ Մեկ միլիոն եվրո՝ սպասարկման ծախս, գրեթե այնքան, որքան տրվում է խաղարկային լիամետրաժ ֆիլմերի ֆինանսավորմանը»,- նշեց պարոն Գալստյանը՝ հավելելով.
«Կառավաման այս մոդելը սպառել է իրեն։ Երկու ՊՈԱԿ-ները պետք է վերակազմավորվեն փոքր գործակալության կամ հիմնադրամի՝ ինչպես հետխորհրդային առաջադեմ երկրներում։ Պետք է ֆինանսավորվեն մրցունակ նախագծերը, որոնք պետք է ընտրվեն բաց, թափանցիկ մրցույթով և, որ ամենակարևորն է, պետք է վերականգնվի ներքին կինոցանցը՝ պրոկատը։ Ծրագիրը Ֆիլմարադրողների համահայկական ֆեդերացիայի սեղանին է։ Տվեք մեզ հնարավորություն իրականացնելու այն և մենք երեք տարում կստանանք ինքնածախսածածկվող կինոարտադրություն։ Չեմ կարծում, որ կառավարությունը մտադիր է օգնել ՊՈԱԿ-ներին՝ շարունակելու մսխել կինեմատոգրաֆին տրվող գումարները, և եթե կա ցանկություն՝ վերակենդանացնել կինոարտադրությունը, թող տեղյակ պահեն, մենք պատրաստ ենք»։
Ասուլիսի ավարտին բանախոսները անդրադարձան «Տատիկիս Վարսերը» ֆիլմի համար պայքարի հետագա քայլերին․ «Հունվարին պետք է կնքվի ֆիլմի համատեղ արտադրության նոր պայմանագիր։ Արդեն մարտին մենք պետք է նկարահանման հրապարակում լինենք, որպեսզի կարողանանք ավարտել հայաստանյան նկարահանումները ու մեկնենք Բուլղարիա։ Այս գործընթացը պետք է իրագործվի, պայմանավորվածությունները պետք է հարգվեն։ Հունվարի երկրորդ կեսից Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան կշարունակի փողոցային ակցիաները՝ պահանջելով ազգային Կինոկենտրոնի տնօրենի հրաժարականը։ Այս անգամ կլինի ոչ թե մեկ վրան, այլ վեց։ Ոչ թե Մատենադարանի մոտ, այլ Կառավարության շենքի դիմաց։ Մենք հասնելու ենք մեր ներկայացրած հայտերի ապօրինի մերժման չեղարկմանը՝ անդադար ու հետևողականորեն պայքարելով։ Մենք անելու ենք առավելագույնը, որպեսզի կինոյի կառավարումը օպտիմալիզացվի, կիրառվի կառավարման նոր, արդյունավետ մոդել։ Սա տևական պայքար է, բայց մենք բավարար կամք և ուժ ունենք՝ այն մինչև վերջ տանելու։
Հունվարի 30-ին նշանակված է «Տատիկիս Վարսերի» շուրջ ընդդեմ ազգային կինոկենտրոնի դատական հայցի նախնական նիստը։ Աշխատանքային խումբը, դերասանները, համագործակցողները, գործընկերները անհամբերությամբ սպասում են այդ նիստին։ Մենք ապահովելու ենք թափանցիկություն և խնդրում ենք լրագրողներին՝ լուսաբանել դատը»։
Ասուլիս ավարտին Մարինե Զաքարյանը և Հովհաննես Գալստյանը շնորհակալություն հայտնեցին հավաքված լրագրողներին և Ազդակ ակումբին՝ հյուրընկալության համար։ Նրանք նաև շնորհավորեցին հավաքվածներին գալիք տոների կապակցությամբ։ Տիկին Զաքարյանը մաղթեց, որ նոր տարում Հայաստանում յուրաքանչյուր մարդ իր տեղում լինի և հաղթանակներ տոնի իր աշխատանքում։ Հովհաննես Գալստյանը մաղթեց խաղաղություն մեր երկրին, անկոտրում կամք և հաղթանակի հասնելու վճռականություն։