Պատեհապաշտությունն ու «Լուսավոր Հայաստանի» տեսլականը
Նախընտրական շրջանը Հայաստանում, թերևս, միշտ աչքի է ընկել քաղաքական տարբեր ուժերի կողմից անսկզբունքային, պատեհապաշտ վարքագծով, նախկինում արտահայտած սեփական կարծիքին հակասող տեսակետների առատությամբ: Սակայն այս քարոզարշավն այդ առումով, թերևս, անցել է բոլոր ռեկորդները:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարելի է դրա ամենավառ դրսոևորումներից մեկը համարել: «Լուսավոր Հայաստան» կուսակցության հռետորաբանությունից դժվար է հասկանալ, թե ո՞րն է ընտրություններին առանձին մասնակցելու իմաստը, երբ նրանք նույնիսկ քարոզարշավի ընթացքում գործող իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության, գովաբանմամբ են զբաղվում:
Հետաքրքիրն այստեղ այլ դրսևորումներն են: Ժամանակին որպես «թունդ» արևմտամետ հանդես եկող «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն այս քարոզարշավին ոչ միայն մոռացել է, որ ինքը առանձին կուսակցության առաջնորդ է, այլև մոռացել է լիբերալ, ազատ տնտեսությանը ձոնվող իր ելույթները, Արևմուտքի հետ ավելի ամուր կապերի անհրաժեշտության մասին իր նախկին դիրքորոշումը:
Շատերը տեսած կլինեն Էդմոն Մարուքյանին ամերիկյան դեսպանատան բոլոր միջոցառումների առաջին շարքերում: Այն օրերին հավանաբար արևմտամետությունն ավելի ձեռնտու էր: Այսօր քաղաքական պատեհապաշտությունը թելադրում է այլ հռետորաբանություն:
Հավանաբար դա է պատճառը, որ Էդմոն Մարուքյանն անձամբ լծվել է քարոզարշավի ընթացքում արևմտյան միակ խոշոր ներդրման՝ Ամուլսարի դեմ պայքարին: Ընդ որում, տարիներ շարունակ ամերիկյան դեսպանատան պատերից ներս քաղաքական աջակցություն փնտրող Էդմոն Մարուքյանը հաստատ գիտի, որ Ամուլսարը լավագույն բնապահպանական ստանդարտներն ունի, հաստատ գիտի, որ այն, ինչ տեղի է ունենում այժմ Ամուլսարի շուրջ, ուղղակիորեն հարվածում է երկրի շահերին, ու գրեթե անհնար է դարձնում ամերիկյան ապագա ներդրումները:
Բայց քաղաքական պատեհապաշտությունը սկզբունքներ չունի: Քաղաքական պատեհապաշտությունը ո՛չ արևմտամետ է, ո՛չ հայաստանամետ, քաղաքական պատեհապաշտությունը թքած ունի թե՛ երկրի շահերի, թե՛ տնտեսության, թե՛ գործազուրկ մնացած՝ «Լիդիանի» աշխատակիցների վրա: Էդմոն Մարուքյանին սխալմամբ թվացել է, որ, եթե կանգնի Ամուլսարի ճանապարհները փակող երկու տասնյակ թաղի տղերքի մոտ ու սելֆի անի, դրանով քաղաքական դիվիդենտներ կշահի այդ տարածարջանում: Նա հավանաբար մտածել է, որ, եթե Ամուլսարի դեմ մի երկու անբովանդակ հայտարարություն անի, ավելի լավ կընկալվի այդ կողմերում: Ու հեչ կարևոր չի, որ Էդմոն Մարուքյանը շատ լավ տեղյակ է, որ Ամուլսարի դեմ ապօրինություն է իրականացվում, որ լավագույն չափանիշերով աշխատող ծրագիրը փորձ է արվում տապալել:
Այս պարագայում բոլորովին կարևոր չեն ոչ երկրի տնտեսությունը, ոչ օրվա հացից զրկված Ամուլսարի հազարավոր աշխատակիցները: Այդ պահին Էդմոն Մարուքյանին մի բան է հետաքրքրում՝ կաշխատե՞ն արդյոք իր օգտին այդ թաղերի լավ տղերքը: Ու հեչ կարևոր չի, որ այդ տղերքի պատճառով տապալվում է երկրի ամենախոշոր արևմտյան ներդրումը: Այդ պահին Էդմոն Մարուքյանին դա չի հետաքրքրում: Այս նախընտրական շրջանում նա ոչ իշխանություն է, ոչ ընդդիմություն, ոչ արևմտամետ է, ոչ լիբերալ, նա շարքային պատեհապաշտ է, որի նպատակն է՝ իշխանական կուսակցության կցորդի համար մի քանի ձայն ավելի փախցնել, թեկուզ՝ նախկինում ընտրակեղծարարությամբ զբաղվողների հետ սելֆի անելու հաշվին: Հավանաբար սա է լուսավոր Հայաստանի՝ «Լուսավոր Հայաստանի» տեսլականը: