Բաժիններ՝

Բուզանդի 101 շենքի բնակիչներն ահազանգում են. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

 ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին
Ք. Երևան, Փ. Բուզանդի 101 շենքի բնակիչներից

Հարգելի պարոն Ն. Փաշինյան,

Դիմում ենք Ձեզ, ցանկանալով տեղեկացնել Փ. Բուզանդի և Սարյան փողոցների հատման հատվածում կատարվող ապօրինությունների վերաբերյալ, որոնց պատճառով մեր՝ Փ. Բուզանդի 101 և շրջակա շենքերի բնակչությունը հայտնվել է անելանելի վիճակում: 2015թ.-ից Փ. Բուզանդի 107 և Մուշեղ Իշխանի անվան հանրակրթական դպրոցի տարածքի մասը սեփականաշնորհած «Դակռուս» ՍՊԸ-ն սկսել է 20 հարկանի շենքի կառուցապատում՝ չանսալով մեր բազմաթիվ բողոքներին և դիմումներին:

Իսկ Երևանի քաղաքապետարանը, պատասխանելով մեր դիմումներին, երկու անգամ «իրազեկել է», որ որևէ մեկին չի տրամադրել շինթույլտվություն, այն դեպքում, երբ շինթույլտվությունը տրամադրված էր ամիսներ առաջ: Մեր հարցում-նամակին, թե ինչո՞ւ է քաղաքապետարանը մեզ ապատեղեկացնում, նրանք պատասխանել են, թե «նկատի ունեին Փ. Բուզանդի 107-ի մեկ այլ հատված», այն դեպքում, երբ Բուզանդի 107 հասցեում չկա մեկ այլ շինարարություն: Այդ շենքի կառուցման պատճառով մեր 5 հարկանի շենքի մի մասն ամբողջովին զրկվում է բնական լույսից, արժեզրկվում են մեր բնակարանները, սակայն մեր բողոք-դիմումներին «Դակռուս» ՍՊԸ տնօրեն Կարեն Դավթյանը չի արձագանքում: Ավելին, վստահ լինելով ամենաթողությանը, նրանք չբավարարվեցին Բուզանդի փողոցի փակումով՝ աղբանոցի վերածեցին և ոչնչացրեցին հասարակական այգու ամբողջ ձախ հատվածը և հիմնովին վնասեցին դեպի Արամի փողոց տանող ճանապարհը:

Ելնելով իրավիճակից՝ մենք անկախ փորձագիտական կառույցներին ուսումնասիրություն պատվիրեցինք՝ պարզելու համար մեր գույքին պատճառած վնասի չափը: Ելնելով ուսումնասիրություններից, 2016թ. դիմեցինք Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշի դատարան՝ հույսով, թե դատական ճանապարհով կկարողանանք վերականգնել արդարությունը: Սակայն դատական գործի ընթացքում «Դակռուս» ՍՊԸ-ն ոչ միայն չկանգնեցրեց շինարարությունը, այլ ավելացնելով ևս 10 հարկ՝ էլ ավելի խորացրեց գույքային վնասը՝ ամբողջովին ծածկելով մեր շենքը:

Ավելին, «Դակռուս» ՍՊԸ-ն ներկայացնելով իր տեսակետը՝ հայտարարեց, թե իր առկայությունը ոչ թե վնասում, այլ բարձրացնում է մեր և շրջակա շենքերի արժեքը: Իրավիճակը հիշեցնում է գայլի մասին հայտնի առակը՝ գայլերի կողմից մարդկանց ոչնչացնելը պատիվ է վերջիններիս համար: Արդյունքում, դատավոր Հայարփի Զարգարյանը հաստատեց այն՝ մերժելով փոխհատուցման հայցադիմումը:

Դիմում ենք Ձեզ, պարոն Վարչապետ, հույսով, որ Ձեր միջամտությամբ վերջ կդրվի ապօրինություններին և կվերականգնվի արդարությունը:

Բուզանդի 101 շենքի բնակիչներ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս