«Ես որևէ քաղաքական ուժի՝ ներառյալ «Իմ քայլը» դաշինքի, ներկայացուցիչների կողմից չեմ լսել որևէ ատելության խոսք». Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը խորհրդարանական այս ընտրությունների քարոզարշավի ընթացքում լսել է սուր, կտրուկ քննադատություններ, սակայն ոչ ատելության խոսք: Ավինյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

«Ես, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ քարոզարշավի ընթացքում ատելության խոսքի առկայության մասին խոսում է ընդամենը մեկ քաղաքական ուժ, որը հիմնականում նմանատիպ խոսք բարձրաձայնում է: Ես որևէ քաղաքական ուժի՝ ներառյալ «Իմ քայլը» դաշինքի, ներկայացուցիչների կողմից չեմ լսել որևէ ատելության խոսք: Ես լսել եմ շատ սուր, գուցե կտրուկ քննադատություններ, որոնք յուրաքանչյուր քարոզարշավի ժամանակ պետք է հասկանալի լինեն»,-ասաց Ավինյանն ու նկատեց, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում շատ ավելի սուր քննադատություններ են հնչել:

Նրա գնահատմամբ՝ քարոզարշավը բավականին դինամիկ է ընթանում: Փոխվարչապետի պաշտոնակատարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիները տարբեր քաղաքական ուժերի ծրագրերը լսելու և համեմատելու լավ հնարավորություն ունեն, քանի որ այս քարոզարշավի ընթացքում բանավեճերի աննախադեպ մշակույթ է ձևավորվել: «Դրան մասնակցում են նաև իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժի ներկայացուցչները՝ ամենաբարձր մակարդակով: Կարծում եմ, սա նույնպես մշակութային փոփոխություն է»,-նկատեց Ավինյանը:

Խոսելով աշխատանքն ու քարոզարշավը համատեղելու մասին՝ Ավինյանն ասաց, որ ոչ աշխատանքային ժամերին քարոզարշավին իր մասնակցությունը, իր գնահատմամբ, ընդունելի և ընկալելի է: «Ինչպես նաև պետք է ընդունելի և ընկալելի լինի այն հանգամանքը, որ ՀՀ փոխվարչապետը, այնուամենայնիվ, պետք է իր գործառույթները կատարի նույնիսկ այս ժամանակահատվածում»,-եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս