«Ինչո՞ւ ես թողել-գնացել, դու, մեկ է, հաղթող ես». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Գեղարքունիք այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն օգտագործում էր վարչական ռեսուրս. նա դա հասկացել է, միջազգային չափանիշերը տեսել է և հասկացել է, որ եթե ուզում է մինչև ժամը 18:00-ն քարոզարշավ անել, ապա չի կարող դա անել վարչապետի կարգավիճակով»,-  այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ինչո՞ւ է երկրի հոգսերը երկու շաբաթով թողել. ո՞ւր է վարչապետի՝ որպես պետական մտածելակերպի արտահայտման հատկանիշները, ո՞ւր է այդ ապացույցը, ինչո՞ւ ես թողել-գնացել, դու, մեկ է, հաղթող ես: Առանց այդ էլ լավ չէիր աշխատում՝ որպես վարչապետ, պարոն Փաշինյան, հիմա էլ թողել ես մի մարդու վրա, որն առաջին փոխվարչապետի պաշտոնակատար լինելով հանդերձ՝ երկու շաբաթ պետք է Հայաստանի խնդիրներով զբաղվի՞»,- ասաց նա՝ ընդգծելով, որ գնալով արձակուրդ՝ Փաշինյանն ընդունել է, որ իրենց քննադատությունները տեղին են, ընդգծել է, որ իր համար «Իմ քայլը» դաշինքի քաղաքական շահերն ավելի կարևոր են, քան Հայաստանի պետության առջև ստանձնած պարտավորությունները:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» այն հայտարարություններին, որ գալիք խորհրդարանը երկու տարվա կյանք ունի, Աշոտյանը նշեց, որ չի անդրադառնում այլ ուժերի հայտարարություններին՝ բացի «Իմ քայլը» դաշինքի հայտարարություններից. «Որպես քաղաքացի՝ ասեմ, որ, եթե գալիք խորհրդարանը պետք է կարճ կյանք ունենա, դա նշանակում է, որ քաղաքական ճգնաժամը չի հաղթահարվելու, նշանակում է, որ էլի ինչ-որ բան է լինելու, որ ստիպված փոխվելու է քաղաքական կոնֆիգուրացիան, դա լա՞վ է երկրի համար: Անկախ նրանից, որ մենք սուր քննադատություն ենք ուղղում Նիկոլ Փաշինյանին և իր կառավարությանը, մենք չենք ուզում, որ երկիրն այս տուրբուլենտային գոտում հավերժ մնա»:

Հարցի վերաբերյալ ՀՀԿ ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանն էլ նշեց, որ, եթե ընտրությունները քիչ ավելի ուշ լինեին, նման կանխատեսումներն ավելի քիչ կլինեին՝ անկախ նրանից, թե ով է նման կանխատեսումներ անում. «Իրականում վիճակն արտասովոր է, արտահերթ է, այս արագության մեջ դու չես կարողանում գնահատել շատ ու շատ մանրուքներ, իսկ սատանան մանրուքների մեջ է, և այդ մանրուքները վաղը թելադրելու են նաև քաղաքական այլ օրակարգ: Այդ կանխատեսումները հենց դրա համար են: Չպետք է ուրախանալ նրանից, որ մեկ տարի հետո ինչ-որ բան կարող է փոխվել, դա ուրախանալու առիթ չէ ոչ մեկիս համար, որովհետև դա նշանակում է՝ անորոշություն, իսկ այդ անորոշությունը պետք է մտահոգի յուրաքանչյուրին»:

Տեսանյութեր

Լրահոս